Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակելու դեպքի առթիվ Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի հրազեն պահելու կամ կրելու համար։ Այս մասին հայտնել են Դատախազության հանրային կապերի բաժնից։
Հիշեցնենք, որ Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 21-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակոց արձակելու փաստով։
Ժամը 18։00-ի սահմաններում Տ. Գրիգորյանն ահազանգել է ոստիկանության կենտրոնական բաժին և հայտնել, որ դատարանի իր աշխատասենյակի պատուհանի երկշերտ ապակու արտաքին շերտը կոտրված է։Ոստիկանները նշված վայրում ապակիների արանքում հայտնաբերել են կրակված գնդակ, որը հետաքննիչի կողմից առգրավվել է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը