17 01 2020

Գեորգի Կուտոյանի մահվան վերաբերյալ քրգործն ինքնասպանության հասցնելու հատկանիշներով է



«Դեպքի վայրում հայտնաբերվել է դին, հայտնաբերվել է ատրճանակ։ Տեղում պարզել ենք, որ օրինական պարգևատրման կարգով ստացած իր զենքն է՝ Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարի նվիրած։ Կան բազմաթիվ պարկուճներ և գնդակներ, պատերին կան վնասվածքներ այն սենյակում, որ դին հայտնաբերվել է»,- լրագրողներին ասաց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը, որը ղեկավարում է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի բնակարանում քննչական գործողությունները։

Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին տնօրենի դին՝ հրազենային վնասվածքով, հայտնաբերվել էր հունվարի 17-ի ցերեկը։

Արթուր Մելիքյանն ասաց, որ քննչական գործողություններն իրականացվում են Գեորգի Կուտոյանի կնոջ և հոր մասնակցությամբ։ Ներկա են մասնագետներ՝ քրեագետ, ԴՆԹ-ի նմուշառումների մասնագետներ, դատաբժիշկներ, քննիչներ և օպերատիվ աշխատողներ։

ՔԿ ղեկավարի տեղակալն ասաց, որ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի առաջին մասով, այն է՝ «Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը․ պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով»։

Արթուր Մելիքյանն ասաց, որ պետք չէ առերևույթ խաբվել հոդվածի համար․ «Հայտնաբերվել է դին, էս պահին եղած տվյալներով հարուցում ենք այդ հոդվածով, բայց բազմաթիվ վարկծներ են առաջ քաշվում։ Կարող է լինել սպանություն, կարող է լինել սպանություն՝ քողարկված ինքնասպանությամբ։ Հետագայում համալիր փորձաքննություններով ընդհանուր պատկերը պարզ կլինի, թե ինչ է տեղի ունեցել։

Զննություն է արվել, ձայնագրող սարքերի տեսաձայնագրություններն արդեն խմբի քննիչների կողմից առգրավման պրոցեսում են»։

Քննչական խմբի ղեկավարն ասաց, որ հրազենային վնասվածք կա քունքի շրջանում, դատաբժշկական փորձագետները փորձաքննության արդյունքում կպարզեն մարմնական վնասվածքների քանակը, ծագումը, բնույթը։

Ասաց, որ միայն ձգաբանական փորձաքննությամբ է հնարավոր պարզել՝ այն զենքը, որը հայտնաբերվել է, հայտնաբերված պարկուճները դրանի՞ց են, թե՞ ոչ։

Թեև ցուցմունքներ տրվել են, սակայն Արթուր Մելիքյանն ասաց, որ որևէ ցուցմունք չեն կարող հրապարակել, տվյալները ենթական են ստուգման։

«Փորձաքննությամբ կպարզենք՝ արյան մեջ սպիրտի պարունակություն կա՞, թե՝ ոչ։ Հայտնաբերվել են 3-4 տասնյակից ավելի պարկուճներ, գնդակներ, բայց կոնկրետ քանակով չեմ կարող ասել, դեռ չունենք տվյալ»,- ասաց Արթուր Մելիքյանը։ Նա նաև նշեց, որ դին հայտնաբերել է կինը։

Նա հավելեց, որ Քննչական կոմիտեի վարույթում չի քննվում գործ, որով դատավարական կարգավիճակ ուներ Գեորգի Կուտոյանը։

Ինչ վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի այցին, Արթուր Մելիքյանն ասաց․ «Հրայր Թովմասյանն անձամբ ինձ է խնդրել, որ բարձրանա դեպքի վայր, ես թույլ չեմ տվել։ Ներս չի մտել, ոստիկանները հսկել են տարածքը։ Շատ հուզված էր, համենայն դեպս»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ