Ցավով արձանագրում ենք, որ վերջին ժամանակներում տեղեկատվական դաշտում կտրուկ ավելացել է տիկին Ռիտա Սարգսյանի վերաբերյալ ապատեղեկատվության, անձի բարի համբավը ոտնահարող, կեղծ լուրերի եւ ստոր ստերի քանակը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:
Նա, նաեւ ընդգծել է. «Տեսանելի են նաեւ նման անբարո մեթոդների պատվիրատուների ականջները: Նրանք սեփական կեղտոտ նպատակների համար չեն խորշում անգամ ամենազարհուրելի եւ պիղծ մեթոդներից եւ գործելաոճից:
Բացի ֆեյք լրահոսից, այսօր արդեն կառավարության շենքի մոտ ծառայության ընթացքում մահացած զինվորներից մեկի՝ Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը մերկապարանոց եւ զրպարտիչ մեղադրանք է հնչեցրել տիկին Ռիտա Սարգյսանի հասցեին, մեղադրելով նրան «երիկամների վաճառքի» մեջ:
Հանդիսանալով երրորդ նախագահի կինը՝ տիկին Սարգսյանը երկար տարիներ իրականացրել է բազում բարեգործական, առողջապահական ծրագրեր, որոնց շահառու են հանդիսացել հազարավոր մեծահասակներ եւ երեխաներ: Իրականացված աշխատանքների շնորհիվ փրկված, կյանքի որակը բարելաված, առողջությունը վերականգնած եւ մարդկային երջանկությունը վերագտած մարդկանց թիվը շատ պատկառելի է: Պատահական չէ, որ տիկին Սարգսյանն առ այսօր ստանում է հարյուրավոր շնորհակալական նամակներ իր կողմից իրագործված գթասրտական ծրագրերի արդյունքների համար:
Անթույլատրելի ենք համարում տիկին Ռիտա Սարգսյանի բարի համբավը պիտակավորելու գործելաոճը: Կոչ ենք անում մամուլի միջոցներին զերծ մնալ իր մասին չստուգված եւ կեղծ տեղեկատվության տարածումից: Կիսելով զոհված զինծառայողների ընտանիքների վիշտը՝ առաջարկում ենք տիկին Իրինա Ղազարյանին հրապարակավ հերքել իր կողմից բարձրաձայնված հերյուրանքը:
Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում մշտապես պաշտպանելու ենք Ռիտա Սարգսյանի բարի համբավն ու պատիվը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը