16 01 2020

Ինչո՞ւ եք փաստերը ստուգելու փոխարեն պաշտոնյաների փաստաբանություն անում.Մելիքյան

Ինչո՞ւ եք փաստերը ստուգելու փոխարեն պաշտոնյաների փաստաբանություն անում.Մելիքյան

«Իրավական ուղի» ՀԿ հիմնադիր Ռուբեն Մելիքյանը գրում է․

«FIP - Փաստերի ստուգման հարթակն անդրադարձել է իմ որոշ իրավա-վերլուծական ու արժեքաբանական դիտարկումներին, որոնք ներկայացրել էի երեկ լրատվականներից մեկին տված կարճ հարցազրույցում»,-ֆեյսբուքում նման գրառում է կատարել

«Հարթակը մեջբերել է հարցազրույցի հետևյալ հատվածը. «Ռուստամ Բադասյանը կոռուպցիայի դեմ պայքարի դրոշ է բարձրացրել, այսինքն՝ այդ ուղղությամբ իր վարքագիծը պետք է անբիծ լինի, բայց նրա տիկնոջ աշխատավայրերի հարցում իսկապես խախտում կա», այնուհետև «փաստերի ստուգման» գործիքակազմով Հարթակը եկել է հետևության, որ «խախտում առկա չէ»։

Ցավալի է արձանագրել, որ «փաստերի ստուգման հարթակը», որն իսկապես ունի փաստա-վերլուծական բնույթ կրող առանձին հետաքրքիր հրապարակումներ, այս կոնկրետ դեպքում «անհասկանալիորեն» դուրս է եկել փաստերի ստուգման տիրույթից և իրականացրել իրավա-վերլուծական գործառույթ։ Եվ քանի որ Ա գործառույթի «փոխարեն» (կամ «անվան ներքո») իրականացվում է Բ գործառույթը, դրա որակը, ցավոք, խիստ կաղում է։ Դրան արդեն իր հրապարակմամբ անդրադարձել է «Ազգային հակակոռուպցիոն խորհուրդը», և ես նույնպես ստիպված եմ վաղը կամ մյուս օրը (խիստ զբաղված եմ) ներկայացնել համառոտ իրավական վերլուծություն՝ ի հիմնավորումն իմ դիրքորոշման։

Ի դեպ, «Փաստերի ստուգման հարթակը» կոնկրետ այս հրապարակմամբ ոչ միայն դուրս է եկել «փաստերի ստուգման» շրջանակից, այլև «չտեսնելու է տվել» ու գնահատականի չի արժանացրել իր իսկ արձանագրած փաստերի միջև պարզ հակասությունները՝ պատշաճ չիրականացնելով բուն «փաստերի ստուգումը»։

Մասնավորապես, նույն խնդրին վերաբերող իր նախորդ հրապարակման մեջ Հարթակը ներկայացրել է Նախարարի տիկնոջ հետևյալ պարզաբանումը. «... ես ավելի վաղ եմ դիմում գրել, քանի որ ես ԱԺ փոխնախագահի գրասենյակի փորձագետն եմ եղել, աշխատանքից ազատման դիմումը պետք է հաստատվեր հենց Լենա Նազարյանի կողմից։ Իսկ Լենա Նազարյանն այդ շրջանում գործուղման մեջ էր, և այդ հիմքով ես չեմ հիշում, թե երբ է հաստատել, պետք է Ազգային ժողովից ճշտեմ»։ Մինչդեռ Հարթակի նույն հրապարակման մեջ տեղ գտած՝ աշխատանքից ազատման հրամանում պարզ երևում է, որ դիմումը տրվել է հուլիսի 8-ին, իսկ ազատման հրամանը՝ հուլիսի 9-ին։

ՀԳ. Ինչու՞ եք «փաստերի ստուգման» փոխարեն զբաղվում պետական առանձին պաշտոնյաների փաստաբանությամբ։

ՀՀԳ. Ձեզ պետք է՞ր՝ ինձ էլ ներգրավեիք այս պատմությանը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ