11 01 2020

Մարտի 1-ի գործով սպանության մեջ մեղադրվողին ՀՔԾ-ն մոռացել է․ Փաստինֆո

Մարտի 1-ի գործով սպանության մեջ մեղադրվողին ՀՔԾ-ն մոռացել է․ Փաստինֆո

Փաստինֆո-ն գրում է․ «Մարտի 1»-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանին վարույթն իրականացնող մարմինն ավելի քան 5 ամիս է, ինչ մոռացել է։

Գեղամ Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը «Փաստինֆո»-ին հայտնեց՝ վարույթն իրականացնող մարմինն առհասարակ իրենց հետ կապված որևէ քննչական գործողություն չի կատարել. «Գործն ինչպես կար, այնպես էլ մնացել է։ Մեզ ո՛չ անհանգստացնում են, ո՛չ հիշում են, ո՛չ էլ գործը կարճվել է»,-նշեց պաշտպանը։

Հարցին՝ արդյոք չի պատրաստվում գործը կարճելում մասին միջնորդություն ներկայացնել, փաստաբանը նշեց՝ առայժմ սպասում է. «Տեսնեմ վարույթն իրականացնող մարմինն ինչ դիրքորոշում է ընտրելու, որպեսզի ըստ դրա կողմնորոշվեմ։ Գտնում եմ՝ ես չպետք է խնդրեմ, որ գործը կարճեն։ Կարծում եմ՝ պետք է իրենք ամեն ինչ անեն, որ քրեական գործի վարույթը կարճվի, որովհետև դա օրենքով է, արդարացի է և գործի տվյալներն են այդպիսին»,-հավելեց Վաղարշակ Գևորգյանը։

Նշենք, որ Գեղամ Պետրոսյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ին հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու մեջ։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը, սակայն օգոստոսի 4-ին Գեղամ Պետրոսյանն ազատ արձակվեց Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկից, քանի որ լրացել էր կալանքի երկամսյա ժամկետը, իսկ նախաքննական մարմինը՝ ՀՔԾ-ն, ժամկետը լրացնելու միջնորդություն չէր ներկայացրել։ Ինչպես տեսնում ենք մինչ օրս որևէ այլ քննչական գործողություն չի իրականացվել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ քրեական գործոբ չէր հայտնաբերվել նաեւ հանցագործության գործիք հանդիսացած հրազենը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ