23 12 2019

Թող ջուր խմեն, հանգստանան և չմեղադրեն նիստ ձգձգելու մեջ․ Արամ Օրբելյան․ Factor



Factor.am-ի զրուցակիցն է ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը

-Պարո՛ն Օրբելյան, Ռոբերտ Քոչարյանը, Վերաքննիչ դատարանի որոշմամբ, կշարունակի մնալ կալանքի տակ։ Որոշումը որքանո՞վ էր սպասելի և արդյո՞ք այն բողոքարկելու եք։

-Որոշումն այսօր առավոտյան պետք է ստանայինք, բայց դեռևս պատրաստ չէր, փոստով կուղարկվի: Տեքստին ծանոթ չեմ, մինչև չտեսնեմ դատարանի արգումենտները, չեմ կարող գնահատական տալ։ Բայց այն քննարկումները, որոնք եղան դատարանում, կարծում եմ՝ հիմք էին, որպեսզի այդ դատական ակտը բեկանվեր։ Կստանանք որոշումը կքննարկենք՝ արդյո՞ք որոշումը պետք է բողոքարկել, թե՞ վճռաբեկության փուլը պետք է համարել ոչ արդյունավետ ՄԻԵԴ-ի տեսանկյունից։

-Ձեր դատավարական հակառակորդները մեղադրում են ձեզ, որ գործի նյութերի հետազոտման, ապացույցների հրապարակման փուլը միտումնավոր ձգձգում եք։ Ինչպե՞ս կարձագանքեք։

-Դա իրենց խնդիրն է, թող սառը ջուր խմեն, հանգստանան և չմեղադրեն, որ որևէ կերպ ձգձգվում են նիստերը: Թող միանան մեզ՝ պնդեն, որ դատական նիստերըն ամեն օր լինեն։ Մենք ասում ենք՝ ամեն շաբաթ նիստ դնելով՝ այս գործը 5-6 տարի տևելու է։ Եթե իրենց թվում է, որ մենք պետք է նստենք, լսենք՝ ինչպես է դատախազությունը խոսում, այն պարագայում, երբ մեր պաշտպանյալը գտնվում է անազատության մեջ, նման ձև մենք չենք վարվելու։

Ձեռնարկելու ենք հնարավոր բոլոր միջոցները, որպեսզի պարոն Քոչարյանը լինի ազատության մեջ։ Հանգիստ կարող ենք պայմանավորվել, դատախազները թող գնան «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, պարոն Քոչարյանը՝ իր տուն, իրենց ոչ մեկը չի խանգարի, այնտեղից հանգիստ կպատրասվեն, կկարդան։

-Արցախից ՀՀ զորք բերելու մասին Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ Արցախից մեկ մարդ անգամ չի բերվել Հայաստան: Մինչդեռ, օրինակ, գեներալ-մայոր Սամվել Օգանովսկին իր ցուցմունքում հակառակն է պնդել։ Այս ամենի մասին ի՞նչ կասեք։

– Մի դրվագ եղավ դռնփակ դատական նիստով, որտեղ գլխավոր դատախազը բավարարվեց, քննարկման ժամանակ ինքը որոշակի պարզաբանում տվեց, որով այս հարցը դուրս հանվեց։ Այսինքն՝ Արցախից Հայաստան զորք եկել է, չի եկել… այս հարցի հետ կապված որևէ հարց քրեական գործում չկա, չկա մեղադրանք՝ Երևան զորք բերելու հետ կապված։ Թե ինչ փաստեր ու հանգամանքներ են դռնփակ նիստի ժամանակ բերվել, չեմ կարող ասել։ Կարող եմ միայն ասել, որ մենք համակարծիք են երկրորդ նախագահի հետ, որ Արցախից ՀՀ որևէ մարդ չի բերվել:

–Պարո՛ն Օրբելյան, դատարանում պարոն Ալումյանն ասաց, որ ցանկանում է ներկայացնել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցն անձնական երաշխավարությամբ փոխելու միջնորդություն։ Կմանրամասնեք՝ ովքե՞ր են պատրաստվում անձնական երաշխավորություն ներկայացնել։

-Չեմ կարող նշել, թե ովքեր են այդ անձինք, մոտավորապես մի հատվածի մասին արդեն կարող եք պատկերացում կազմել. հայտարարություններ եղան: Քանի դեռ միջնորդությունը չի ներկայացվել, չենք կարող բացահայտել, թե ովքեր են։ Անձանց թիվը բավականին շատ է։

-Սերժ Սարգսյանին այդ հարցով դիմե՞լ եք։

-Որևէ անձի անուն, պայման, պարամետր, պաշտոն չեմ կարող ասել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ