Tert.am-ը գրում է․ ««Մարտի 1-ի» գործի վերաբերյալ նախօրեին Ոստիկանության հրապարակած տեսանյութը ժպիտ է առաջացնում՝ ցուցադրման ձևի, ժամանակահատվածի, տեսախցիկների, ավտոմատի և այլ առումներով: Երկրորդ. տեսանյութը չի վերաբերում «Մարտի 1-ի» առանձնացված գործին: Այս ամենից կարելի է ենթադրել, որ սա հերթական գործընթացն է դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:
2-րդ նախագահի պաշտպանը պատահական չի համարում տեսանյութի հրապարակման օրը: Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 20-ին, հրապարակվելու է Ռոբերտ Քոչարյանի՝ գրավի կիրառումն անթույլատրելի համարելու մասին վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը:
«Իրականում, կարծում ենք, որ սա պատահական չէ: Առաջին դեպքը չէ, երբ կարևոր որոշմանը նախորդում են հրապարակումներ: Դա կլինի ոստիկանության տեսանյութ, գործադիրի կամ օրենսդիրի ինչ-որ ելույթներ»,- ասաց նա:
Արամ Օրբելյանը հիշեցնում է, որ մի քանի ամիս առաջ՝ սեպտեմբերին, երբ Աննա Դանիբեկյանը որոշում պետք է հրապարակեր՝ Սահմանադրական դատարանի կողմից 35-րդ հոդվածի հակասահմանադրական ճանաչելու հետ կապված՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդության վերաբերյալ, դրա նախօրեին և´ ԱԺ, և´ Կառավարության ներկայացուցիչները հայտարարում էին, որ ՍԴ որոշումը պետք է քննարկվի, այլ ձև պետք է մեկնաբանվի, այս որոշումը սխալ է և այլն:
«Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ ամեն անգամ, երբ պետք է որոշում կայացվի, և այդ որոշումը ոնց որ թե կառավարության կամ մեղադրող կողմի վերահսկողությունից դուրս է գալիս, անմիջապես մանիպուլյատիվ եղանակով նմանատիպ պրոցեսներ են ընթանում»,- նշեց պաշտպանը:
Հիշեցնենք, որ Ոստիկանությունը դեկտեմբերի 19-ին տեսանյութ էր հրապարակել, ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հանդիպում են 2008 թվականի «Մարտի 1-ի» դեպքերից տուժած անձանց և ականատես վկաների հետ ու նրանց փորձում են կաշառել, որպեսզի վերջիններս հրաժարվեն իրենց ցուցմունքներից։
Արամ Օրբելյանը պնդում է, որ որևէ գործընթացի միջամտություն չկա. «Աջակիցները տարբեր մարդիկ են, նույնը նաև հակառակորդները: Այսինքն՝ չպետք է դիտարկել, որ բոլորը մեկ տեղից հրահանգավորված գործընթաց են անում»:
Նրա խոսքով՝ տպավորություն է, որ սա բեմականացում է. «Ավտոմատ է դրված, ամառային շորերով, ոնց որ պրոֆեսիոնալ կամերաներով նկարահանվի: Բավականին շատ անհեթեթություններ կային: Ակնհայտ է, որ տեսանյութը նոր չի նկարահանվել: Ցավալի է, որ նոր են դրա մասին խոսում: Եթե ամառն այսպիսի բան է եղել, ակնհայտորեն այդ ժամանակ պետք է գործընթաց սկսվեր»:
2-րդ նախագահի պաշտպանի դիտարկմամբ՝ և´ Դատախազությունը, և´ քննչական մարմինները բազմիցս հայտարարել են, որ «Մարտի 1-ի» գործի Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող հատվածը չի վերաբերում վիրավորներին, զոհերին. «Հետևաբար, վիրավորների կողմից ցուցմունք փոխելն ընդհանրապես գործի այս հատվածի վրա էական նշանակություն պետք է չունենա»:
Ըստ Արամ Օրբելյանի՝ երբ անձի ազատազրկման հարց է քննարկվում արդեն դատաքննության փուլում, այսինքն՝ գործը բացահայտելու խնդիր չկա, գործը դատարանում պաշտպանելու խնդիր կա, դրա ճիշտ մոդելը ոչ թե անձին կալանավորելն է, այլ այդ վկաներին պաշտպանելը:
«Տեսնում ենք, որ Ոստիկանությունը բացահայտում է ցանկացած միջամտություն՝ վկաների հետ կապված, հետևաբար, որևէ անձ պետք է կալանավորված չլինի: Ենթադրյալ խոչընդոտման ռիսկը վերացվում է»,- ասաց Արամ Օրբելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը