Tert.am-ը գրում է․ «ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի հրապարակած (International Republican Institute, IRI) զեկույցից հետո իշխանությունները պետք է պարզապես վերջ տան Սահմանադրական դատարանի հանդեպ բոլոր գործընթացներին, որոնց հիմքում ընկած են ինչ-որ միֆական պնդումներ ՍԴ-ի հանդեպ ժողովրդի անվստահության մասին, ուղղակի անցնեն առաջ՝ նորմալ պետականաշինություն իրականացնելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավաբան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
Ըստ IRI զեկույցի՝ Հայաստանում իրականացրած հարցման արդյունքները ցույց են տվել, որ իրավապահ մարմիններից ժողովրդի ամենաբարձր վստահությունը վայելում է Սահմանադրական դատարանը՝ 40 %: Դատախազությունը վայելում է 38 %, իսկ մյուս դատարանները՝ 36 % վստահություն:
Ռուբեն Մելիքյանն ընդգծեց՝ պետք է հաշվի առնել, որ այդ 40 % ցուցանիշը գրանցվել է իշխանությունների կողմից ՍԴ-ի հասցեին հակաքարոզին զուգահեռ, այսինքն՝ կարող ենք ենթադրել, որ այս ցուցանիշը կարող էր շատ ավելի բարձր լինել, եթե չլիներ այդ հակաքարոզը:«Քաղաքական իշխանությունն իր ունեցած բարձր վարկանիշն ամեն կերպ օգտագործում է ՍԴ-ն վատաբանելու, դրա վարկանիշը նվազեցնելու համար: Նրա կողմից այդ վատաբանող վերաբերմունքը չենք տեսել, օրինակ, Դատախազության նկատմամբ, բայց նույնիսկ այդ դեպքում վերջինիս ցուցանիշն ավելի ցածր է, քան՝ ՍԴ-ինը»,-ասաց իրավաբանը՝ նշելով, թե, փաստորեն, իշխանության ջանքերը դրական արդյունք չեն տվել, և ամեն 5-ից 2-ը վստահությամբ է վերաբերվում ՍԴ-ին, ինչն էլ, ըստ Մելիքյանի, խոսում է հասարակության հասունացման մասին:«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադրի խոսքով՝ հետաքրքիր է նաև, որ այս հետազոտությունը զուգադիպեց երեկ ԱԺ-ի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի ընդունմանը, որով առաջարկվում է 2018-ի ապրիլի 9-ից առաջ նշանակված ՍԴ յոթ դատավորներին ժամկետից շուտ ուղարկել թոշակի:
Կառավարությունը հաշվարկել է՝ եթե հրաժարական տան ՍԴ նախագահն ու վեց դատավորները, մինչև պաշտոնավարման տարիքը լրանալը պետությունը նրանց տարեկան գրեթե 91 միլիոն դրամ կենսաթոշակ պետք է վճարի:
«Այդ չարչրկված և տխրահռչակ օրենքով ՍԴ դատավորներին պետական կաշառք է առաջարկվում: Իշխանությունների համար դա պարզապես պատրվակ է, և վերջինս պարզապես ցանկանում է վերահսկողություն սահմանել ՍԴ-ի նկատմամբ»,-ասաց նա:
Հարցին՝ այս զեկույցը իշխանությունների համար պատճառ կդառնա՞ ՍԴ-ին առնչվող գործընթացները վերանայելու, Ռուբեն Մելիքյանը պատասխանեց, թե խիստ կասկածում է, որ իշխանություններն ունակ են հետ կանգնել ՍԴ-ն վերահսկելու՝ իրենց կանխակալ նպատակից, քանի որ այն իրենց համար խորքային նշանակություն ունի:
«Բայց կարծում եմ, որ զեկույցը կարող է մտածելու տեղիք տալ մեկ այլ պաշտոնյայի՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, որի մասին, ցավոք, հաճախ ենք մոռանում: Նա դեռ պետք է ստորագրի ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու մասին օրենքը, և գուցե սա լրացուցիչ խթան կլինի մտածելու՝ արդյո՞ք այս օրենքը ենթակա է ստորագրման, թե ոչ»,-ամփոփեց Ռուբեն Մելիքյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը