Փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քորչարյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
«Համացանցում ակտիվորեն քննարկվում է ոստիկանությանը գաղտնալսման իրավունք տալու հարցը, այսինքն պատգամավորական նախաձեռնության կարգով Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրինագիծը:
Դատելով առանձին հուզառատ գրառումների բովանդակությունից ՝ մեր քաղաքացիներին խնդրի էությունը լրատվամիջոցներով ճիշտ չի պարզաբանվում: Օրինագիծը ոստիկանությանը գաղտնալսման իրավունք չի վերապահում, այլ՝ գաղտնալսումների իրականացումը հնարավոր է դարձնում ոչ թե Ազգային անվտանգության ծառայության կապուղիներով, այլ հենց՝ ոստիկանության: Ոստիկանությունը գաղտնալսումներ իրականացրել և իրականացնում է, սակայն ներկայումս այս միջոցառումն ապահովում է ազգային անվտանգության ծառայությունը, այսինքն՝ կատարվում է միջնորդավորված կարգով:
Օրինագծի ընդունման դեպքում կրճատվելու է բյուրոկրատիան, հետևաբար այն դրական ազդեցություն է թողնելու ոստիկանության կողմից հանցագործությունների բացահայտման աշխատանքների վրա, հատկապես բնակարանային գողությունների, բռնի, քողարկված, այդ թվում կազմակերպված հանցագործոթյունների բացահայտման ու կանխարգելման: Ժամանակակից որևէ պետությունում օպերատիվ ծառայությունները միմյանց գաղտնի աշխատանքների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավունք չունեն, այն հետախուզական գործունեության կոնսպիրատիվության սկզբունքի կոպիտ խախտում է:
Վերահսկողություն պետք է իրականացնեն դատախազությունը, դատարանները և քաղաքական իշխանության մարմինները: Ընդունված օրինագիծը հենց այս տրամաբանությունն է զարգացնում: Այլ խնդիր է, որ պետք է բացառել կամայական գաղտնալսումների հնարավորությունը, բայց սա արդեն ոչ թե առանձին պատգամավորների, այլ կառավարության և պառլամենտի տնօրինման հարցն է: Գործող օրենսդրությամբ գաղտնալսումների օրինականության երաշխավորման մեխանիզմները, մեղմ ասած, անկատար են:
«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքն այլևս «արխայիկ» իրավական ակտ է, չի արտացոլում հատուկ օպերացինաերի վերաբերյալ միջազգային ստանդարտներն ու միջազգային լավագույն փորձը: Արդյունքում ՝ մեզնից շատերն, առանց հիմնավոր պատճառների, իրենց ընտանիքի անդամների հետ խոսում են whatsapp, viber և այլ ինտերնետային հավելվածներով: Սա անընդունելի իրողություն է. բարոյահոգեբանական և իրավական երանգներին չեմ անդրադառնում: Օրինագիծը մերժելով՝ այս կարևոր խնդիրը լուծում չի ստանալու, իսկ օպերատիվ աշխատանքները հնաչավոր չէ դադարեցնել:
Նույնիսկ միայն մեկ իրավապահ մարմնի վերահսկողության ներքո գաղտնալսման պրակտիկայի շարունակությունը, այսինքն իրավիճակն անփոփող թողնելը, չի լուծելու կամայական լսումների բացառման հարցը, քանի որ այդ մեկ մարմիննել է գործում առկա անկատար իրավակարգավորումների տիրույթում: Հետևաբար, առաջարկում եմ դադարեցնել օրինագծի ընդունման դեմ նկատվող քարոզչությունը, քանի որ այն շեղում է հանրության ուշադրությունը գլխավոր հիմնահարցից և գործի դնել ժողովրդավարական բոլոր մեխանիզմները կամայական գաղտնալսումների բացառումը երաշխավորող նոր և որակյալ օրենսդրական ակտեր արագ ընդունելու ուղղությամբ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը