08 12 2019

Կգա ժամանակը, Վահե Գրիգորյանից «գարու հաշիվը» կպահանջեն. սահմանադրագետ․Tert.am

Կգա ժամանակը, Վահե Գրիգորյանից «գարու հաշիվը» կպահանջեն. սահմանադրագետ․Tert.am

Tert.am-ը գրում է․ «Սահմանադրական դատարանի դատավորները գրագետ են, վաղ կենսաթոշակի չեն գնա, որովհետև երբ իշխանությունը փոխվի, հաջորդ իշխանություններն այդ գումարը հետ են ուզելու՝  որպես անհիմն հարստացում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը՝ անդրադառնալով «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին:

«Որ գա ժամանակը, Վահե Գրիգորյանից էլ «գարու հաշիվը» կպահանջեն: Նա պետականության օրինականություններին հակառակ է շարժվում: Եթե այդ օրինաչափությանը դեմ ես գնում, դու ապագա չունես և շատ արագ կերպով վերջը գալու է»,- նշեց Վարդան Այվազյանը:

- «Սահմանադրական դատարանի մասին» նախագիծն ԱԺ օրակարգում է: Նախագծով առաջարկվում է 2018-ի ապրիլի 9-ից առաջ նշանակված ՍԴ յոթ դատավորներին ժամկետից շուտ ուղարկել թոշակի: Կառավարությունը հաշվարկել է՝ եթե հրաժարական տան ՍԴ նախագահն ու վեց դատավորները, մինչև պաշտոնավարման տարիքը լրանալը պետությունը նրանց տարեկան գրեթե 91 միլիոն դրամ կենսաթոշակ պետք է վճարի: Որպես սահմանադրագետ, ի՞նչ կարող եք ասել առաջակվող նախագծի մասին:

- Այս նախագիծը պետական միջոցների վատնում է: Սահմանադրական դատարանի դատավորները գրագետ և օրենքներից տեղյակ են, կարծում եմ, նման միամիտ քայլի ոչ մեկ չի գնա, որովհետև երբ իշխանությունը փոխվի, հաջորդ իշխանություններն այդ գումարը հետ են ուզելու՝ որպես անհիմն հարստացում: Ի՞նչ է նշանակում, մարդը չգնա աշխատանքի և մինչև կենսաթոշակի տարիք ստանա աշխատավարձ՝ իր պարգևավճարներով: Դա ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում:

- Բայց «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված և ընտրված ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը բոյկոտում է Սահմանադրական դատարանի աշխատանքները, ՍԴ նիստերին չի մասնակցում, բայց աշխատավարձ է ստանում, ծառայողական մեքենա ունի:

- Սա էլ այս իրավիճակի անտրամաբանությունն է: Որ գա ժամանակը, Վահե Գրիգորյանից «գարու հաշիվը» չե՞ն պահանջելու: Այստեղ տեղին է հիշել Այգեկցու առակը, երբ ավանակի ձագը մորն անընդհատ հարցնում է՝ ախր, ինչո՞ւ են այդքան անարդար, մեր դեմը չոր խոտ են լցնում, իսկ այդ խոզին գարով են կերակրում: Մայրն ասում է՝ ոչինչ, մի օր այդ գարու հաշիվը նրանից պահանջելու են: Եվ գալիս է պահը, երբ մեծացրած խոզին տանում են, որ մորթեն, խոզի գոռգոռոցն են լսում: Մայր ավանակն իր ձագին ասում է՝ տես, խոզից գարու հաշիվն են պահանջում: Հիմա կգա ժամանակը, այդ «գարու հաշիվը» Վահե Գրիգորյանից էլ կպահանջեն: Ընդհանրապես, պետականության տրամաբանությունը ո՞րն է, այն օբյեկտիվ գործընթաց է, այնպես, ինչպես տարվա եղանակները, բնության երևույթները: Եթե այդ օրինաչափությանը դեմ ես գնում, դու ապագա չունես և շատ արագ կերպով վերջը գալու է: Նա պետականության օրինականություններին հակառակ է շարժվում:

- Բացի այն, որ նախագծով նախատեսվում է պետական միջոցներից մինչև կենսաթոշակի տարիքը ՍԴ դատավորներին գումար տրամադրել՝ չաշխատելու դիմաց, օրենքում այլ խնդիրներ տեսնո՞ւմ եք՝ իրավական, սահմանադրականության տեսանկյունից:

- Իհարկե, դա հակասահմանադրական, հակատրամաբանական օրենք է: Սահմանադրական իրավունքում կա խրախուսման մեթոդը, այսինքն, մարդը եթե լավ է աշխատում, ուրեմն պետք է խրախուսել, բայց դու իրեն խրախուսում ես իրենից ազատվելու համար: Սա հակառակ տրամաբանություն է, որը բանական մարդու ուղեղում չի տեղավորվում: Մեր դատական համակարգն օդ ու ջրի պես լրացուցիչ դատավորների կարիք ունի: Հիմա բյուջեում միջոցներ չունեն, որ նոր դատավորների հաստիքներ ստեղծեն, բայց միջոցներ ունեն, որ հարկատուների հաշվին թոշակի անցած մարդկանց, որ իրենց սրտով չեն, մեծ աշխատավարձեր ու հավելավճարներ տան, որը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում: ՀՀ բոլոր դատարաններում՝ և՛ ընդհանուր իրավասության, և՛ վարչական դատարաններում քննվող գործերի ծավալը 3 անգամ գերազանցում է դատավորների թվին: Այսինքն՝ դատավորները սովորական ռեժիմից 3 անգամ ավելի ծանրաբեռնված են աշխատում, որը չի կարող արդարադատության իրականացման ոլորտում որակ ապահովել:

- ՍԴ դատավորներից մի քանիսն իրենց հարցազրույցներում արդեն հայտարարել են, որ չեն պատրաստվում թոշակի գնալ, ինչո՞ւ է իշխանությունը փորձում ամեն դեպքում անցկացնել այս օրենքը:

- Չեմ ուզում ենթադրություններ անել, բայց եզրակացնում եմ, որ դրան պետք է հաջորդի հետևյալը. մենք ձեզ լավով առաջարկեցինք, դուք չլսեցիք, հիմա ձեր հանդեպ ինչ ապօրինություններ, անօրինական գործողություններ, որ անենք, չդժգոհեք, մենք ձեզ տարբերակն առաջարկեցինք, դուք մերժեցիք:

- Քաղաքական իշխանությունները հայտարարում են, որ այդ գործողությունները բարեփոխումների, դատական համակարգում փոփոխությունների նպատակ ունեն, իսկ ոլորտի մասնագետները, տարբեր քաղաքական, հասարակական գործիչներ պնդում են, որ քաղաքական իշխանությունների նպատակն է իշխանություն ունենալ նաև դատական համակարգում: Ձեր կարծիքով՝ քաղաքական իշխանություններն իրենց նպատակին հասնելու համար կդիմե՞ն այլ քայլերի:

  - Եթե այս անտրամաբանական քայլին գնացել են, որը ոչ մի հիմնավորում չունի, բնականաբար, ենթադրվում է, որ այլ պլաններ ունեն պահած և չեմ կարծում, այդ պահուստային պլանները տրամաբանության մեջ տեղավորվեն: Ինչ-որ մի բան պետք է անեն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ