26 11 2019

Կտտանքներով ցուցմունք կորզելու կադրերը 10 տարվա վաղեմության են․ Ոստիկանություն

Կտտանքներով ցուցմունք կորզելու կադրերը 10 տարվա վաղեմության են․ Ոստիկանություն

«NewsMedia.am» լրատվական կայքում հրապարակված՝ «Սկանդալային տեսանյութ․ հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ հոդվածի և կից տեսանյութի կապակցությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ծառայողական քննության շրջանակներում տեղեկություններ են ձեռք բերվել տեսանյութում երևացող անձանցից երեքի ինքնության վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Նրանցից մեկի լիազորությունները կասեցվել են, իսկ երկուսը ոստիկանության նախկին ծառայողներ են։

Ծառայողական քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների վերլուծությամբ պարզվել է, որ տեսագրությունն արվել է շուրջ տասը տարի առաջ, քանի որ հիշյալ աշխատակիցները նույն ստորաբաժանումում՝ ոստիկանության Արաբկիրի բաժնում, համատեղ ծառայել են այդ ժամանակ։

Երեք անձանցից երկուսն արդեն հրավիրվել են ոստիկանության ներքին անվտանգության վարչություն։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքին առնչվող մյուս անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Ծառայողական քննությամբ ձեռք բերված բոլոր տվյալները փոխանցվել են հատուկ քննչական ծառայություն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ