21 11 2019

Սա դատավորի վարքագի՞ծ է․ ինչո՞ւ են Ռուբեն Սահակյանի նկատմամբ վարույթ հարուցել

Սա դատավորի վարքագի՞ծ է․ ինչո՞ւ են Ռուբեն Սահակյանի նկատմամբ վարույթ հարուցել

Փաստաբանների պալատը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանի նկատմամաբ կարգապահական վարույթ է հարուցել՝ Աննա Դանիբեկյանի հասցեին առերևույթ զսպվածությունը և բարեկրթությունը սահմանազանցող արտահայտություններով փաստաբանի կամ փաստաբանության նկատմամբ վստահությունը կամ հարգանքը խաթարելու վարքագիծը ստուգելու նպատակով:

Այս մասին մեկնաբանություն խնդրեցինք Ռուբեն Սահակյանից:

«Նորմալ երևույթ է, չի սահմանափակում իմ հետագա գործողությունները, չեմ ցանկանում մեկնաբանել այդ որոշումը։ Ես կարող եմ ասել՝ ինչը ինձ դրդեց նման բան անել: Ես ներկայացնում եմ իմ տեքստը, ասում եմ, որ 5 էջանոց տեքստ եմ պատրաստել, որ հիմնավորվի գրավի միջնորդությունը։ Դատավորն ինձ ասում է՝ խոսեք այն թեմայի շուրջ, որը հիմա քննարկվում է։ Ես էլ ասում եմ՝ լսեք, որ իմանաք ինչի մասին եմ խոսում և այդպես մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ․․․ Այդպես էլ չթողեց, որ ես ասեմ այն, ինչ ցանկանում էի ասել: Սա դատավորի վարքագի՞ծ է: Մարդ կարող է հունից դուրս գալ և ինչ որ բաներ ասել։ Այո, այդ բառերը ես ասել եմ, գնահատական չեմ տալիս՝ պետք է ասեի, թե՝ ոչ։ Ինչ-որ տեղ ընդունում եմ, որ չպետք է այդ բառերը օգտագործեի, բայց նաև պետք է հաշվի առնել, թե ինչը դրդեց այդ բառերը ասել:

Դու դատավոր ես, ինչո՞ւ ես խոչընդոտում ինձ, որ ես ասեմ այն ինչ նախապես պատրաստել եմ, ո՞վ է քեզ այդ իրավունքը տվել: Եվրոպական դատարանը հոգնել է արդեն Հայաստանի Հանրապետության նկատմամաբ կայացնել վճիռներ, որոնք արձանագրում են, որ դատարանները կարծարտիպային որոշումներ են կայացնում: Եվ դատավոր Դանիբեկյաններն ու մյուսները շարունակում են նույն պրակտիկան»,- ասաց փաստաբանը:

Ռուբեն Սահակյանը նշեց, որ սա իր մասնագիտական գործունեության մեջ առաջին կարգապահական վարույթն է։ Հարցին՝ արդյոք այն չի՞ կաշկանդի իր հետագա գործունեությունը, ասաց. «Թող մի անգամ էլ կարգապահական լինի, իմ նկատմամաբ երկու քրեական գործ է հարուցված եղել, երկուսն էլ կարճվել են հանցակազմի բացակայության պատճառով, կդիմանամ: Կդիմանամ նաև այն վայրահաչոցներին, որ կլինեն սոցիալական կայքերում, սա առաջին անգամը չէ: Անգամ քրեական գործ է հարուցվել ինձ և Օրբելյանին վիրավորելու համար, ցուցմունք եմ տվել և որևէ լուր չկա, թե այդ գործը ինչ ընթացք ստացավ»:

Մենք փորձեցիքն Ռուբեն Սահակյանից ճշտել, թե ինչպես է գնահատում, որ Փաստաբանների պալատը չի արձագանքում իրենց դատավարական հակառակորդների կողմից թույլ տված ոչ կոռեկտ արտահայտություններին: «Չեմ ցանկանում այդ մասին խոսել, հարցն ուղղեք Փաստաբանների պալատին: Ես ինչ էի ասում, որ դատավորը չցանկացավ լսել․ ասում են՝ Ռոբերտ Քոչարյանը կխոչընդոտի, բայց չեն ասում ինչին կխոչընդոտի: Մեզ մեղադրում են, որ ասում ենք գործը ջուր է և չենք թողնում, որ դատավարությունը սկսվի, այո գործը ջուր է, որովհետև չկա որևէ մեկը, ով ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ և ասել, որ Քոչարյանի աչքի վերևը ունք կա, որ նա էլ ասի, որ չէ, դա այդպես չէ: Հետևաբար, ինչո՞ւ պետք է խոչըդոտի։ Եթե դատավորը կամ մեղադրող կողմը այսքան բանը հասկանային, ապա խափանման միջոցը չէր կարող կիրառվել ի սկզբանե, և Դանիբեկյանը չպետք է մերժեր մեր միջնորդությունը:

Նույնը կատարվեց վերջին նիստում, դատավորը չէր թողնում խոսել, մյուս կողմը ինչ ուզում ասում էր, Սեդա Սաֆարյանն ընկել էր չոլերը: Ապացույցի կոնտեքստից խլում է մի նախադասություն և դրա վրա ավելացնում է իրենից մեկնաբանություն, մեղադրանք է շպրտում Ռոբերտ Քոչարյանի հասցեին, բայց այդ փաստը չի վերաբերում մեղադրանքին։ Ինչի՞ մասին ես խոսում, հարգելի կոլեգա Սեդա Սաֆարյան, այդպես ապակողմնորոշել չի կարելի չէ: Այ սրա դեմ է հարկավոր կարգապահական վարույթ հարուցել»:

Նշենք, որ Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալը որոշել է Ռուբեն Սահակյանի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթ՝ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի, ինչպես նաև Կանոնագրքի 2.2.2 ենթակետի խախտման հատկանիշներով:

Ըստ ԶԼՄ հրապարակումների Ռուբեն Սահակյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում խոսելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի մասին, արտաբերել է հետևյալ միտքը․ «Նա չի տիրապետում իր մասնագիտությանը: Նախորդ նիստում չհասկացավ, թե ինչի մասին եմ խոսում և ասաց՝ «կարճ կապեք»… եթե չես հասկանում, ինչո՞ւ կարճ կապեմ, գնա ձեր տուն, կատուներին դատապարտի: Քո կատուների գործը լսի, ոչ թե մարդկանց ... դե, նա շատ կատուներ է պահում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ