ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: ՔԿ հաղորդագրության մեջ նշվում է․
«Կարեւորելով հասարակության կողմից անաչառ եւ ամբողջական տեղեկատվություն ստանալու իրավունքը, ինչպես նաեւ նպատակ ունենալով հանրությանը զերծ պահել ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Անահիտ Ֆարմանյանի հարազատների կողմից քննության օբյեկտիվ ընթացքը խեղաթյուրելու ակնկալվող փորձերից եւ հնարավոր անհիմն շահարկումներից, անհրաժեշտ ենք համարում հայտնել հետեւյալը.
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավված Անահիտ Ֆարմանյանը նախաքննության ընթացքում խուսափել է ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, ինչպես նաեւ չի հայտնել չներկայանալու հարգելի պատճառների մասին, իսկ նրա անձնական երաշխավորությունն ստանձնած ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանը հայտնել են, որ Անահիտ Ֆարմանյանի գտնվելու վայրի վերաբերյալ որեւէ տեղեկություն չունեն եւ չեն կարող ապահովել նրա ներկայանալը Հատուկ քննչական ծառայություն:
Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները` 31.10.2019թ.-ին Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նույն օրը Ա. Ֆարմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը վերացվել է, եւ 01.11.2019թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Ա. Ֆարմանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Նախաքննությունը շարունակվում է»։
Նշենք, որ Անահիտ Ֆարմանյանը ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանի քույրն է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը