31 10 2019

Վանաձորի նախկին ղեկավարը պատճառել է 176 մլն դրամի վնաս․ ոստիկանություն



ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Վանաձորի նախկին քաղաքապետը, որը պաշտոնավավարել է 1999-ից 2016 թվականը, բանավոր համաձայնություն ձեռք բերելով ՊՆ երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատարի և նրա խնամու հետ, Վանաձոր համայնքի ավագանու 2010 թվականի հուլիսին կայացած որոշման հիման վրա կեղծ պաշտոնական փաստաթղթեր է կազմել ու իրականացրել է Վանաձորի կեղտաջրերի նախկին մաքրման կայանի օտարման վերաբերյալ ձևական աճուրդ։

Աճուրդի արդյունքում էլ ընդհանուր 239․347․719 դրամ արժեքով անշարժ գույքը անհամեմատ ցածր՝ 63․234․600 դրամով օտարել է ձևական աճուրդում հաղթող ճանաչված անձին՝ համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 176․113․119 դրամի վնաս։Բացի այդ, Վանաձորի նախկին քաղաքապետը, ավագանու մեկ այլ որոշմամբ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, կազմակերպել է վերոհիշյալ կայանի շուրջ 295․470․000 դրամ արժողությամբ ստորգետնյա խողովակների ապամոնտաժումը։

Վանաձորի նախկին քաղաքապետին ու նրա եղբորը պատկանող ընկերության մասնաճյուղի առանձնացված ստորաբաժանումում հոկտեմբերի 25-ին հայտնաբերվել են նույն տեսակի, տրամաչափի և քանակի խողովակներ, որոնց ձեռքբերման վերաբերյալ փաստաթղթերը բացակայել են։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ Վանաձորի նախկին քաղաքապետը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, ձևական աճուրդ է կազմակերպել և Լոռվա խճուղու թիվ 18 հասցեի 3900 քմ-ից ավելի տարածքը 5 տարի վարձակալության ժամկետով ամսական ընդամենը 166․155 դրամով տրամադրել է փաստացի իրեն և եղբորը պատկանող ընկերությանը՝ 2015 թվականի հունվարի 22-ին կնքված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրով։Դեպքերի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել քննչական կոմիտե՝ նախաքննության։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ