23 10 2019

Բաբայանի փաստաբանը պետք է հրապարակի՝ դատարան ներկայացված փաթեթի մեջ առկա՞ է Առուշան Հակոբյանի ցուցմունքը. Սահմանադրագետ

Բաբայանի փաստաբանը պետք է հրապարակի՝ դատարան ներկայացված փաթեթի մեջ առկա՞ է Առուշան Հակոբյանի ցուցմունքը. Սահմանադրագետ

Սահմանադրագետ Գոհար Մելոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՔԾ հաղորդմանը Արսեն Բաբայանի և Արա Բաբլոյանի վերաբերյալ։ Նա, մասնավորապես նշել է, որ եթե Բաբայանին կալանավորելու վերաբերյալ դատարան ներկայացված փաթեթում չլինի ՍԴ նախկին աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանի ցուցմունքը, դա կհաստատի «քրեաիրավական գործընթացի» կանխակալությունը և Արսեն Բաբայանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Հատուկ քննչական ծառայության հոկտեմբերի 22-ին տարածած հաղորդագրության համաձայն՝ Գագիկ Հարությունյանի ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին դիմումը Սահմանադրական դատարանի աշխատակազմի ընդհանուր բաժնից ելքագրվել և աշխատակազմի ղեկավարի միջոցով ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանին է հանձնվել 2018 թվականի մարտի 5-ին, մինչդեռ՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, պաշտոնապես ստացած չլինելով Գագիկ Հարությունյանի հիշյալ դիմումը, 2018 թ. մարտի 2-ին ապօրինի ստորագրել և հանդես է եկել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությամբ:

Այսինքն, ըստ հատուկ քննչական ծառայության՝ Արա Բաբլոյանն օբյեկտիվորեն չէր կարող 2018 թվականի մարտի 2-ին հրապարակել Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը ներկայացնելու վերաբերյալ հայտարարությունը:

Վերոնշյալն ուղղակիորեն հերքվում է Սահմանադրական դատարանի նախկին աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանի՝ սույն թվականի հոկտեմբերի 22-ին «Հրապարակ» լրատվական կայքում հրապարակված հարցազրույցում:

Պարոն Հակոբյանը նշում է, որ նախ հարցաքննվել է սույն գործով, ապա հայտնում իր ցուցմունքի բովանդակությունը:

Այսպես՝ մեջբերում նշված հարցազրույցից.

Հարց – Իսկ այդ գրության մասով կոնկրետ ինչ եք ասել, Դուք եք ուղարկել այն ԱԺ և երբ եք ուղարկել:

Պատասխան - Ես ցուցմունքում գրել եմ, որ ես ամսի 2-ի առավոտյան առձեռն ուղարկել եմ աշխատողներից մեկի միջոցով:

Այսինքն, Սահմանադրական դատարանի նախկին աշխատակազմի ղեկավարի /անձը, ով պատասխանու է Սահմանադրական դատարանի պատշաճ փաստաթղթաշրջանառության համար/ ցուցմունքի համաձայն՝ 2018 թվականի մարտի 2-ի առավոտյան ՍԴ նախագահի հրաժարականի դիմումը մուտքագրվել է Ազգային ժողով, ինչպես և մակագրված է Աժ-ում համապատասխան փաստաթղթերի վրա:

Այդ դեպքում, հարց է առաջանում՝ նման ցուցմունքի պարագայում այդ ինչ փաստական տվյալի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունը կարող էր որոշել, որ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը ելքագրվել Սահմանադրական դատարանից միայն մարտի 5-ին, այսինքն՝ երեք օր հետո, այլ ոչ թե մարտի 2-ին, ինչպես պնդում է Առուշան Հակոբյանը, և ինչպես արձանագրված է Ազգային ժողովում:

Հ. գ. Նման պայմաններում կոչ եմ անում Արսեն Բաբայանի փաստաբաններին հրապարակել, թե Արսեն Բաբայանի կալանավորման վերաբերյալ դատարան ներկայացված փաթեթի մեջ առկա է արդյոք Առուշան Հակոբյանի ցուցմունքը, քանի որ դրա բացակայությունն հերթական անգամ հավաստելու է «քրեաիրավական գործընթացի» կանխակալությունը և Արսեն Բաբայանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը:

Հ. գ. 1. Գագիկ Հարությունյանը 2018 թ. փետրվարի 28-ին ընտրվել էր Բարձրագույն դատական խորհրդի անդամ, որի հաջորդ օրը տրամաբանականորեն, ներկայացրել էր հրաժարականի դիմում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ