«Հայելի» ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանը դիմել է ՔԿ նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին, ՄԻՊ-ին՝ պահանջելով ակումբի վրա հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործը համալրել խուլիգանության հոդվածով։
«ՀՀ քննչական կոմիտեի կայքից տեղեկացել եմ, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու «Հայելի» ակումբի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի հանգամանքները:
Դեպքի առթիվ ՀՀ Ոստիկանության կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել է վարույթ: Քրեական գործով չորս անձ՝ Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը և Հայկ Ստեփանյանը, ներգրավվել են որպես կասկածյալ։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Սույն քրեական գործի հարուցման համար հիմք է հանդիսացել համացանցում շրջանառության մեջ հայտնված տեսանյութը:
Սույն դիմումով հայտնում եմ, որ 2019 թվականի հոկտեմբերի 5-ին «Հայելի» մամուլի ակումբը հարձակման է ենթարկվել մի խումբ անձանց կողմից, ովքեր խուլիգանություն կատարելու, ինչպես նաև քաղաքացիների իրավահավասարությունը խախտելու միջոցով, տարաբնույթ խտրական հայտարարություններ հնչեցնելով՝ խոչընդոտել են իրականացնել իմ՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը: Վերոնշյալ դեպքի վերաբերյալ 2019 թվականի հոկտեմբերի 5-ին «Հայելի» մամուլի ակումբի խմբագրությունը զանգվածային լրատվության միջոցներով տարածել է հանցագործության մասին հաղորդում (տես ի թիվս այլոց):
Հարձակում իրականացնող անձինք` Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը և Հայկ Ստեփանյանը, գործող կառավարության և ՀՀ Ազգային ժողովում իշխող քաղաքական ուժի` «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների հետ ունեն մտերիմ կապեր: Սույն պնդումը հաստատվում է նաև համացանցում տարածում ստացած մի շարք լուսանկարների առկայությամբ։ Նրանց գործողությունները, մասնավորապես՝ ձվեր նետելը, ակումբի պատին և դռներին պաստառներ փակցնելը, ինչպես նաև նրանց կողմից հնչեցված հայտարարությունը, համաձայն որի՝ վերջիններս պատրաստվել էին նույն գործողություններն իրականացնել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ, և վերջապես նրանց առաջադրած պահանջը, որը վերաբերում էր լրատավամիջոցը փակելուն, քանի որ ըստ նրանց պնդումների՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի քույրը Անժելա Թովմասյանը, իրավունք չունի որևէ գործունեություն իրականացնել Հայաստանում, պարունակում է այնպիսի հանցակազմեր, որոնք մասնավորապես նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 143 հոդվածի 1-ին մասով` քաղաքացիների իրավահավասարության խախտելը և 258 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով`խուլիգանությունը։
Ուստի, հիմք ընդունելով վերոգրյալը, պահանջում եմ՝
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմով, այն է՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը, լրացնել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 143 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմով, այն է՝ քաղաքացիների իրավահավասարությունը խախտելը, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով սահմանված հանցակազմով, այն է՝ խուլիգանությունը:Որպես մեղադրյալներ ներգրավել Դավիթ Հովհաննիսյանին, Սարգիս Մանուկյանին, Արտակ Մարգարյանին և Հայկ Ստեփանյանին: Անժելա Թովմասյանին և «Հայելի» ակումբին ճանաչել որպես տուժող»,-նշվում է Անժելա Թովմասյանի դիմումի մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը