08 10 2019

Վահե Գրիգորյանի՝ նիստերին չներկայանալու հարցը ՍԴ օրակարգում չէ․ Armdaily.am

Վահե Գրիգորյանի՝ նիստերին չներկայանալու հարցը ՍԴ օրակարգում չէ․ Armdaily.am

Armdaily.am-ը գրում է․ «Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում հարց էր ուղղել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, նշելով, որ ՍԴ դատավոր-անդամ Վահե Գրիգորյանը տևական ժամանակ բոյկոտում է և իր բուն գործառութային պարտականությունները չի կատարում: Նա նշել է, որ փաստացի չաշխատելով, նա վարձատրվում է և օգտվում ծառայողական մեքենայից:«Ինչո՞ւ Դուք կամ Ձեր խմբակցությունից որևէ մեկը չբարձրացրեց այդ խնդիրը ԱԺ վերջին հայտնի քննարկումների ընթացքում: Գոնե փորձեիք բարձրաձայնել ելույթների ընթացքում...

Դուք հայտարարել եք, որ ՍԴ-ի շուրջ ստեղծված այդ մտացածին թնջուկը քաղաքական չէ, սակայն ձեր խմբակցության լռությունը Գրիգորյանի իր պաշտոնեական պարտականությունները չկատարելու կապակցությամբ, իմ կարծիքով հակառակն է ապացուցում:

Ինչո՞վ եք բացատրում այդ փաստին չանդրադառնալը և անտեսելը: Թե՞ ըստ Ձեզ, դա կարևոր չէ, քանի որ նա իշխող վարչակազմի թեկնածուն է և ոտքից գլուխ քաղաքականացված անձ»։

Գրառմանն արձագանքել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա մասնավորապես գրել էր, որ բարձրացված հարցով գրավոր դիմում են ստացել news.am կայքից, որը օրենքով սահմանված կարգով կքննարկեն և կարձագանքեն: «Ձեր նշած նիստի ժամանակ մենք տեղեկություններ չենք ունեցել այն մասին, որ ՍԴ դատավորը չի մասնակցում ՍԴ նիստերին: Չեմ կարող բամբասանքով առաջնորդվել, իսկ news.am-ն իր դիմումին կցել է ՍԴ աշխատակազմի ղեկավարից համապատասխան գրություն, որից հետո նոր ասում եմ տեղեկությունը կարող ենք համարել հավաստի և ոչ թե բամբասանքի մակարդակի խոսակցություն»:Վերոհիշյալ լրատվամիջոցը գրավոր հարցման պատասխանն հրապարակել էր սեպտեմբերի 26-ին։

Գրավոր հարցմանն ի պատասխան Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը նշել էր, որ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելուց ի վեր Վահե Գրիգորյանը չի մասնակցել ՍԴ որևէ նիստի։ Հարցին, թե դրանցից քանի՞սն են համարվել հարգելի, ՍԴ–ից պատասխանեցին, որ այդ նիստերով մասնակցության անհնարինության հարց չի եղել։

«Վահե Գրիգորյանը չի մասնակցել ՍԴ որևէ նիստի, այդ թվում՝ 10 դատաքննության, որոնցով առկա չի եղել մասնակցության անհնարինության հարց»,–ասված է եղել ուղարկված պատասխանում։

ArmDaily.am-ին Սահմանադրական դատարանից տեղեկացրին, որ Վահե Գրիգորյանի՝ նիստերին չմասնակցելու հարցը դատարանի իրավասության տիրույթում է, դատարանը այս հարցի առնչությամբ որևէ որոշում չունի։ «Որևէ բան այս հարցի առնչությամբ հայտնի չէ, և որևէ մեկը չի կարող ասել, թե դատարանն այս առնչությամբ ինչ հարց կառաջադրի և ինչ որոշում կկայացվի։ Օրակարգում նման հարց առայժմ չկա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ