02 10 2019

Սորոսի հիմնադրամի գրասենյակի մոտ ակցիայի հարցով ՄԻՊ-ը դիմել է ոստիկանապետին

Սորոսի հիմնադրամի գրասենյակի մոտ ակցիայի հարցով ՄԻՊ-ը դիմել է ոստիկանապետին

Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրել է Բաց հասարակության հիմնարդրամներ-Հայաստան գրասենյակի մոտ քաղաքացիական ակցիաների իրականացումը, այդ առնչությամբ գրասենյակի եւ մի շարք հասարակական կազմակերպությունների հայտարարությունները: Ուսումնասիրվել են նաեւ այդ ակցիաներին հանրային արձագանքները:

Այս առնչությամբ, ՄԻՊ-ի տարածած հայտարարությունում ասվում է.

«Հաշվի առնելով օրենքով իրեն վերապահված իրավասության շրջանակը՝ Պաշտպանը, մասնավորապես, արձանագրում է՝

1.            Երկրում տեղի ունեցող ցանկացած գործընթաց պետք է անվերապահ հիմնված լինի իրավունքի գերակայության վրա: Յուրաքանչյուր նախաձեռնության հիմքում պետք է լինի մարդու իրավունքը եւ հարգանքը այդ իրավունքի նկատմամբ:

2.            Պետության ժողովրդավարական զարգացման հիմնարար ցուցիչներից է խոսքի ազատությունը. այս բարձր արժեքի երաշխավորումն այլընտրանք չունի: Սրա հետ է ուղղակիորեն կապվում այլակարծության խթանումը: Խոսքի ազատության շնորհիվ է, որ մարդը կարողանում է ձեւավորել իր վերաբերմունքը հասարակությունում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ եւ հրապարակային արտահայտել այն:

3.            Մարդու արժանապատվությունն անխախտելի է, այն մեզանից յուրաքանչյուրի իրավունքների եւ ազատությունների անփոխարինելի հիմքն է: Պետք է հարգել այլոց իրավունքներն ու ազատությունները եւ բացառել դրանց ոչ իրավաչափ որեւէ միջամտություն: Սա է համերաշխության գրավականը հասարակությունում ու փոխադարձ հարգանքի մթնոլորտ ապահովելու երաշխիքը:

4.            Տեւական ժամանակ է, ինչ անթույլատրելի ծավալների է հասել արժանապատվությունը վիրավորող խոսքն ու անհանդուրժողականությունը:

 Այս երեւույթն անընդունելի է հասարակությունում համերաշխության եւ մարդու իրավունքների համակարգի տեսանկյունից: Մտահոգիչ է այն, որ թիրախավորվում է մասնավոր կյանքը, արվում են մասնավոր եւ ընտանեկան կյանքին ոչ իրավաչափ միջամտություններ: Դա տեղի է ունենում ինչպես սոցիալական ցանցերում, այնպես էլ դրանցից դուրս: Ընդ որում, սոցիալական ցանցերում մեկնաբանություններն ու գրառումներն առավել ագրեսիվ են:

5.            Այսպիսի վիճակն անթույլատրելի է սկզբունքորեն: Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես է հանդես եկել այդպիսի երեւույթների վտանգավորության վերաբերյալ հայտարարություններով:

Որեւէ իրավունք կամ ազատություն չպետք է հակադրվի այլոց իրավունքների կամ ազատությունների երաշխավորված իրականացմանը: Այս տեսանկյունից չի կարող ընդունելի լինել մարդու մասնավոր ու ընտանեկան կյանքը նսեմացնելով, արժանապատվությունը վիրավորելով դիրքորոշումներ հայտնելը: Դա վտանգավոր է հատկապես այն առումով, որ բացասական է ազդում հասարակությունում համերաշխության մթնոլորտի վրա եւ կարող է հանգեցնել  բռնության:

Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես հորդորել է բացառել նման ցանկացած տեսակի երեւույթ: Չի կարելի որոշակի հանգամանքներում դա համարել թույլատրելի, իսկ ինչ որ այլ հանգամանքներում՝ ոչ. դա անընդունելի է ցանկացած պարագայում:

6.            Մարդու իրավունքը, արժանապատվության պաշտպանությունը չեն հանդուրժում տարբերակված մոտեցումներ: Պետք է բացառել որեւէ երկակի ստանդարտ կամ այդպիսի ընկալման հնարավորություն:

7.            Այս առումով, անընդունելի է արժանապատվությունը վիրավորող եւ ատելություն պարունակող խոսքի կամ այդպիսի շարժառիթով կատարվող արարքի ցանկացած դրսեւորում, որ կարող է արձանագրվել որեւէ քաղաքացիական ակցիայի ժամանակ՝ անկախ նրանից ում կողմից է դա կատարվում կամ ում է ուղղված:

8.            Մարդու իրավունքների պաշտպանն առանձին հարցումով նամակ է հասցեագրել ՀՀ Ոստիկանության պետի պաշտոնակատարին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ