27 09 2019

Ինչպե՞ս ունենալ արդյունավետ արդարադատություն․ ԲԴԽ նիստը՝ Գյումրիում

Ինչպե՞ս ունենալ արդյունավետ արդարադատություն․ ԲԴԽ նիստը՝ Գյումրիում

Բարձրագույն դատական խորհուրդը սեպտեմբերի 26-ին, արտագնա նիստ անցկացրեց Գյումրիում։ Խորհուրդը հանդիպեց Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի եւ դատավորների հետ։

Հանդիպում-խորհրդակցության ժամանակ քննարկվեցին արդյունավետ արդարադատություն ունենալու գործիքակազմերը, դատական համակարգում առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիները:

Անդրադարձ եղավ դատավորներին հետաքրքրող տարբեր հարցերի եւս: Հիմնականում ուշադրության առանցքում էին դատավորների ծանրաբեռնվածությունը բեռնաթափելու անհրաժեշտությունը, գործերի բաշխման կարգը:

Նշվեց, որ Խորհուրդը քաջատեղյակ է դատավորներին հուզող հարցերին, եւ գործուն քայլեր են ձեռնարկվում առաջնահերթ խնդիրներին հնարավորինս արագ լուծում տալու ուղղությամբ: Կարեւորվեց նաեւ էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրմամբ դատական իշխանության արդյունավետության եւ հանրային հաշվետվողականության բարձրացման ապահովումը:

Հանդիպման ժամանակ տեղի ունեցավ բաց քննարկում: Դատավորների կողմից ներկայացվեցին նաեւ ոլորտում նկատելի խնդիրների հաղթահարման առաջարկություններ:  

Աշխատանքային հանդիպման ավարտին Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ու անդամները շրջայց կատարեցին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու եւ Մարալիկի, ինչպես նաեւ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Թալինի նստավայրերում, տեղում ծանոթացան գրասենյակի, արխիվի եւ կարգադրիչների ծառայության աշխատանքների կազմակերպման գործընթացին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ