News.am-ը գրում է․ «ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդեւանյանը NEWS.am-ի հետ զրույցում Քոչարյանի գործի մակագրումը Վերաքննիչ դատարանի դատավոր Մհեր Արղամանյանին համարեց աննախադեպ երեւույթ՝ նկատի առնելով ե՛ւ նրա խիստ ցածր վարկանիշը, ե՛ւ որդու՝ Դավիթ Արղամանյանի քաղաքական դիրքորոշումը՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի՝ հատկապես, որ նա սեպտեմբերի 17-ին դատարանի առաջ մասնակցել է ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքին։
Փաստաբանը նշեց՝ քաղաքական գործունեությամբ զբաղվելը յուրաքանչյուրի իրավունքն է, բայց այս պարագայում, երբ դատավորի քննության առարկան է դառնալու խիստ կարևոր հարց, նրա որդու քաղաքական՝ ընդհուպ հանրահավաքային ակտիվությունը լուրջ հարցեր են առաջացնում․ «Ընդ որում՝ խոսքը ոչ թե ազգականի մասին է, այլ ընտանիքի անդամի՝ որդու»,- ընդգծեց Վարդեւանյանը։
Փաստաբանը նկատեց նաեւ, որ անհասկանալի զուգադիպությամբ Քոչարյանի գործը մակագրվում է Վերքննիչ դատարանի՝ բացասական վարկանիշով դատավորների՝ Արամ Դանիելյանին, այժմ էլ՝ Մհեր Արղամանյանին․ «Սա քիչ հանդիպող դեպք է, արդեն երկրոդ անգամ գործը մակագրվում է Վերաքննիչ դատարանի այնպիսի դատավորի, որը փաստաբանների գնահատմամբ ծայրահեղ ցածր վարկանիշ ունի, եւ կարծեմ՝ նրանից առաջ միայն դատավոր Արմեն Դանիելյանն է՝ -30 վարկանիշով»,- ասաց Արամ Վարդեւանյանը։
Նա տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը քննարկելու է դատավոր Արղամանյանի անաչառության վերաբերյալ կասկածները եւ հնարավոր է նաեւ հանդես գա ինքնաբացարկի միջնորդությամբ»։
Yerevan.Today-ի անդրադարձն այն մասին, թե ով է Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավոր Մհեր Արղամանյանը, կարող եք կարդալ այստեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը