24 09 2019

Մարտի 1-ի գործով Հայկ Հարությունյանի ցուցմունքը

Մարտի 1-ի գործով Հայկ Հարությունյանի ցուցմունքը

1999-2008 թթ. ՀՀ ոստիկանության պետ աշխատած գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակ ուներ: Ներկայացնում ենք նրա տված ցուցմունիքից որոշակի հատվածներ: ՀՔԾ քննիչը Հայկ Հարությունյանին հարցրել է 2008 թ․-ի մարտի 1-ին և 2-ին ոստիկանության գործողությունների վերաբերյալ, ինչին Հայկ Հարությունյանը պատասխանել է.

«Պատասխանելով քննիչի հարցին՝ պարզաբանել է, որ 2008թ.-ի մարտյան օրերին «Իմ հիշելով` փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո տեղի էին ունենում բողոքի ակցիաներ հիմնականում Ազատության հրապարակում: Նշված բողոքի ակցիաները կազմակերպում էին պարտված նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա համախոհները: Լևոն Տեր-Պետրոսյանը ցույցերի ժամանակ հայտարարում էր, որ նա ընտրված նախագահ է, ժողովուրդն է իրեն տանելու Բաղրամյան 26: Այդ ամենն ստեղծում էր մտահոգող և լարված իրավիճակ, իմ մտավախությունն էր՝ հանկարծ բախումներ չլինեն: Իմ հրամանն էր՝ ծառայություն իրականացնող ստորաբաժանումներին զգոնություն դրսևորել և սադրանքների չգնալ: Այդ օրերին , իմ հիշելով փետրվարի 28-ին կամ 29-ին , ինձ հետ է կապնվել Ազգային անվտանգության ծառայության այն ժամանակվա պետ Գորիկ Հակոբյանը, ով հայտնել է, որ օպերատիվ տվյալներն են ստացվել, որ Ազատության հրապարակում կուտակվում են զենք-զինամթերք, և հնարավոր է, որ սադրիչ գործողություններ տեղի ունենան: Այդ տեղեկությունը ստանալուն պես՝ ես հանձնարարել եմ Արմեն Երիցյանին մեր օպերատիվ բլոկով պարզել ԱԱԾ-ից ստացված տվյալների իսկությունը, և Արմեն Երիցյանն ինձ զեկուցել է, որ իրականում նման՝ Ազատության հրապարակում զենք-զինամթերքի կուտակման ինֆորմացիա կա: Նման ինֆորմացիան ստանալուց հետո՝ փետրվարի 29-ին խորհրդակցություն եմ հրավիրել ինձ մոտ և կարգադրել եմ առավոտյան տեխզննություն իրականացնել՝ Ազատության հրապարակում զենք-զինամթերքի առկայություն ստուգելու համար: Հանձնարարության կատարումը հանձնարարել եմ օպերատիվ բլոկին, որը ղեկավարում էր Արմեն Երիցյանը, իսկ ծառայության բլոկը հանձնարարել եմ Սաշա Աֆյանին: Սաշա Աֆյանը պետք է ծառայության բլոկով շրջափակեր Ազատության հրապարակը, իսկ օպերատիվ բլոկը` ի դեմս ՔՀԳՎ և ԿՀԴՊԳ վարչությունների, պետք է իրականացներ տեղատեսությունը: Եվ ես հանձնարարել էի, որ տեխզննում իրականացնող ուժերը հրապարակ գնային առանց հատուկ միջոցների, քանի որ հատուկ միջոցներով գնալու դեպքում չէին կարող տեղազննում իրականացնել: Իմ մտավախությունը եղել է այն, որ կարող է Ազատության հրապարակում ինչ-որ բան պայթեցնեին, տուժածներ լինեին, և դա բարդեին գործող իշխանության վրա. դա է եղել իմ մտավախությունը: Մինչև միջոցառման սկսվելը Գորիկ Հակոբյանն ինձ տեղեկացրեց, որ ինֆորմացիայի արտահոսք է եղել, որ Ազատության հրապարակում տեղյակ են կատարվելիք միջոցառման մասին, և արդեն մարտի 1-ի առավոտյան Սաշա Աֆյանն ինձ զեկուցեց, որ Ազատության հրապարակում ոստիկաններին սպասել են, և տեղազննում իրականացնել չի հաջողվել, քանի որ բախում է տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև, որից հետո ցուցարարներին դուրս են բերել հրապարակից, որպեսզի կարողանային տեխզննում իրականացնել:

Հրապարակից ցուցարարներին դուրս հանելուց հետո Ազատության հրապարակը շրջափակվել է, որից հետո կատարվել են քննչական և օպերատիվ գործողություններ, որի արդյունքում հայտնաբերվել էին տարբեր տեսակի զենք-զինամթերք: Դրանից հետո ինձ զեկուցեցին, որ ցուցարարները կուտակվում են Իտալիայի Հանրապետության դեսպանատան մոտ, և ես կարգադրել եմ ոստիկանական ուժեր ուղարկել այդ տարածք՝ հասարակական կարգը պահպանելու համար:

Նաև նշեմ, որ որևէ դեպքում ոստիկանությունը չի ցանկացել ցրել ցույցերը, այլ միայն ցանկացել են տեղատեսություն իրականացնել՝ պարզելու համար ստացված օպերատիվ տվյալները, և իմ հանձնարարությունն է եղել, որ ցուցարարները տեղազննումից հետո կարող են ետ վերադառնալ և Թատերական հրապարակում շարունակել իրենց ցույցը: Մյասնիկյանի արձանի մոտ գնալով ցուցարարները շատանում էին, որից հետո ոստիկանության ղեկավարները, ովքեր արտաքին ծառայություն էին ղեկավարում, սկսեցին բանակցել ցուցարարների ղեկավարների հետ, որպեսզի իրենց ցույցը տեղափոխեն Մատենադարանի մոտ կամ այլ տեղ՝ Երևան քաղաքում:

Միաժամանակ ասվել է, որ Օպերայի հրապարակ գնալ հնարավոր չէ, քանի որ այնտեղ շարունակվում են քննչական և օպերատիվ գործողությունները: Հիշում եմ՝ ինձ զեկուցել էին, որ սկզբում ցուցարարների ղեկավարների հետ համաձայնություն է ձեռք բերվել, որ ցույցը տեղափոխեն Մատենադարան, իսկ ոստիկանության ստորաբաժանումները հետ էին քաշվել այդ տարածքից: Սակայն միջամտել է Լևոն Զուրաբյանը և հրաժարվել է ցույցը տեղափոխել Մատենադարան: Այդ ժամանակ է, որ ես հանձնարարել եմ Սաշա Աֆյանին զրուցել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ և համոզել նրան, որ գա Իտալիայի դեսպանատան մոտ և ժողովրդին հանդարտեցնի, լարված իրավիճակը թուլացնի, սակայն հետագայում ինձ զեկուցեցին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է գալ: Ոստիկանության ստորաբաժանումները դուրս բերելուց հետո, Մյասնիկյանի արձանի մոտ և հարակից տարածքներում, այդ թվում` քաղաքապետարանի մոտ և Սունդուկյանի անվան թատրոնի մոտ, անկարգություններ եղան. ոստիկանական մեքենաներ հրկիզվեցին, բախումներ եղան ոստիկանների հետ: Դրանից հետո ցուցարարները ավտոբուսներով և տրանսպորտային միջոցներով փակել էին Գրիգոր Լուսավորիչ փողոցը՝ կրկեսի կողմից:

Դրանից հետո ինձ զեկուցել են, որ Մյասնիկյանի արձանի մոտ բարձրախոսներ են բերել, և ցուցարարների առաջնորդները ելույթներ են ունենում: Իրավիճակը գնալով լարվում էր, սկսել էին մեքենաները հրկիզել Մաշտոցի պողոտայում, և որպեսզի անկարգությունները ընդհանուր տարածում չունենային, երեկոյան կարգադրեցի ոստիկանական ուժերը կենտրոնացնել «Ձկան խանութ»-ի մոտ: Այդ ժամանակ ոստիկանության ուժերի ընդհանուր ղեկավարումը հանձնարարել եմ Արմեն Երիցյանին:

Դրանից հետո ինձ զեկուցեցին, որ բախումներ են տեղի ունենում ոստիկանության զորքերի և ցուցարարների միջև: Զեկուցել են, որ առաջին բախման ժամանակ նետած նռնակի պայթյունից զոհվել է ոստիկանության զորքերի վաշտի հրամանատար Համլետ Թադևոսյանը: Այդ ժամանակ ոստիկանության զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանին հանձնարարել եմ ամեն կերպ խուսափել ընդհարումներից և բախումներից: Նշեմ նաև, որ Գրիգոր Գրիգորյանն ինձ զեկուցել է, որ փորձել են փշալարերով բարիկադ ստեղծել՝ իրենց ու ցուցարարների միջև բախումներից խուսափելու համար, սակայն չի ստացվել, քանի որ ցուցարարները հարձակվել և գրավել են փշալարերով մեքենան: Զեկուցվել է նաև, որ ոստիկանության զորքերի վրա նետում են մետաղյա կոնստրուկցիաներ՝ ոզնի, մոլոտովյան կոկտեյլներ և քարեր: Գրիգոր Գրիգորյանը զեկուցել է նաև, որ նկատել է, թե ինչպես են ցուցարարներն իրենց վրա կրակում, այսինքն՝ նկատել է, թե ինչպես են քաղաքացիական հագուստով մարդիկ հրազենից կրակոցներ արձակել ցուցարարների ուղղությամբ: Այդ ընթացքում ինձ զեկուցում էին ոստիկանության ծառայողների շարքերում մեծ թվով վիրավորների մասին, ինչպես նաև՝ զոհերի մասին, իսկ վերջին զոհը, որ զեկուցել են, եղել է ոստիկանության զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը, ով վիրավորում էր ստացել պարանոցի հատվածում, Լեո փողոցում:

Արդեն ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ նախագահի կողմից արտակարգ դրություն մտցնելու հրամանագիր ստորագրվեց, որի համաձայն` արտակարգ դրության պայմաններում կարգի պահպանությունը հանձնարարված էր ՀՀ պաշտպանության նախարարության զինված ուժերին: Արտակարգ դրությունը մտցնելուց հետո՝ մոտ 1 կամ 2 ժամ անց, իրավիճակը գնալով հանդարտվեց:

Հաջորդ օրն արդեն իմ կողմից այցելություն է կատարվել ոստիկանության հոսպիտալ, որտեղ այդ ժամանակ ստացիոնար բուժում էին ստանում մեծ թվով ոստիկանության ծառայողներ: Նույն օրը կամ հաջորդ օրը ոստիկանության հոսպիտալ է այցելել նաև նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Դրանից հետո ես ոստիկանությունում խորհրդակցություն եմ անցկացրել , սակայն մանրամասները չեմ հիշում: Մայիսի 29-ին ազատվել եմ ՀՀ ոստիկանապետի պաշտոնից և հունիսի 18-ին նշանակվել ՀՀ պետական պահպանության ծառայության պետ, որն էլ զբաղեցրել եմ մինչև 2014 թ․-ը»:

Քննիչի հարցին, թե 2008թ. փետրվարի 23-ին կամ դրանից հետո` մինչև մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ նախագահի կողմից հրավիրված որևէ խորհրդակցության մասնակցե՞լ եք, թե՞ ոչ,  և եթե  այո, ապա ի՞նչ կհայտնի խորհրդակցության հանգամանքների մասին, մասնավորապես` ովքե՞ր են մասնակցել, ո՞րն է խորհրդակցություն հրավիրելու անհրաժեշտությունն ու նպատակը, ի՞նչ հարցեր ու խնդիրներ են քննարկվել խորհրդակցության ընթացքում, ի՞նչ որոշումներ են կայացվել, ի՞նչ հանձնարարականներ են տրվել թե՛ ՀՀ ոստիկանությանը և թե՛ այլ պետական մարմիններին, Հայկ Հարությունյանը պատասխանել է, որ    փետրվարի 23-ին է մասնակցել խորհրդակցության Բաղրամյան 26-ում, հրավիրված են եղել նաև ԱԱԾ-ի դատախազության ու ոստիկանության ղեկավար կազմը: «Նախագահ Ռոբերտ Քոչարյանի մտավախությունն էր ստեղծված իրավիճակը, որպեսզի բախումներ տեղի չունենան, և քանի որ Զինված ուժերից տեղեկություններ կային, որ միացել են ցուցարարներին, այդ թվում` ՊՆ փոխնախարարներ Գագիկ Մելքոնյանն ու Մանվել Գրիգորյանը, ուստի նախագահի պահանջն էր, որ սպաները չխառնվեն ներքաղաքական իրադարձություններին կամ էլ դուրս գան համակարգից և նոր մասնակցեն քաղաքական իրադարձություններին, պահանջում էր՝ պահպանել չեզոքություն: Այլ խորհրդակցություն չեմ հիշում»,-ասել է Հայկ Հարությունյանը:

Նա նաև հայտնել է, որ Երևան քաղաքում ստեղծված իրավիճակի մասին զեկուցել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում իրականացված միջոցառման մասին զեկուցել է միայն Ռոբերտ Քոչարյանին. «Նախագահին զեկուցել եմ, որ ԱԱԾ ղեկավարից ինֆորմացիա եմ ստացել Ազատության հրապարակում զենք-զինամթերքի կուտակման մասին և հանձնարարել եմ ուսումնասիրել ստացված տեղեկատվության հավաստիությունը: Եթե հաստատվի, ապա պետք է մտնենք, տեխզննում կատարենք և հայտնաբերենք դրանք: Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանն ինձ ասել է, որ իրեն Գորիկ Հակոբյանը զեկուցել է այդ մասին, որից հետո հետաքրքրվել է, թե ինչպես են իրականացնելու տեղազննումը, որ բախումներ չլինեն, և ես պատճառաբանել եմ, որ տեղազննման գնալու ենք առանց զինվածության և առանց հատուկ միջոցների, այն կատարելու է Սաշա Աֆյանը, որն այդ օրերին միշտ շփվել է ցուցարարների հետ և կարողանում է կոնտակտի մեջ մտնել նրանց հետ»:

Քննիչի հարցին, թե ծանո՞թ է արդյոք ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից 2008թ. փետրվարի 23-ին ստորագրված թիվ 0038 հույժ գաղտնի հրամանին և դրա բովանդակությանը, Հարությունյանը պատասխանել է. «Նշված հրամանի մասին ես տեղեկացել եմ միայն ամիսներ առաջ՝ ձեր կողմից կատարված արդյունքները համացանցում հրապարակելուց հետո, իսկ մինչ այդ նշված հրամանի մասին ոչինչ չեմ իմացել»:

Հարցին, թե ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմի՞ց է ստորագրվել թիվ 0038 հույժ գաղտնի հրամանը, Հայկ Հարությունյանը պատասխանել է, որ թիվ 0038 հրամանի մասին իմացել է վերջին ամիսների ընթացքում և տեղյակ չի եղել, որ դեռևս փետրվար ամսին Զինված ուժերի ստորաբաժանումներ են տեղափոխվել Երևան քաղաք. «Իսկ ինչ վերաբերում է Զինված ուժերի զինծառայողներին ոստիկանների կողմից զորավարժություններ կազմակերպել և անցկացնելուն, ապա նման հանգամանքի մասին չեմ հիշում, բայց որքան հիշում եմ, նման բան պետք է որ տեղի ունեցած չլինի: Իսկ բանակը Երևան քաղաքի փողոցներում հայտնվել է, երբ անկարգություններ են սկսվել Երևան քաղաքում, իսկ դա արտակարգ դրություն հայտարարելուց հետո էր, թե առաջ, չեմ կարող ասել: Մարտի 1-ին, երբ արդեն իրավիճակը լուրջ էր, հստակ ժամը չեմ կարող ասել, ինձ նաև հայտնել են, որ Երևան քաղաքում հասարակական կարգի պահպանությունը պետք է ղեկավարի ու կոորդինացնի Յուրի Խաչատուրովը, և բոլորը պետք է ենթարկվեն իրեն»:

Հարցին, թե ՀՀ ոստիկանությունը որևէ կերպ համագործակցե՞լ է Զինված ուժերի հետ, Հայկ Հարությունյանը բացասական պատասխան է տվել. «Այդ օրերի ընթացքում որևէ համագործակցություն Պաշտպանության նախարարության հետ չի եղել: Ինչպես արդեն նշեցի, մարտի 1-ին, երբ արդեն իրավիճակը շատ լարված էր, անգամ զոհեր էին եղել, այդ ժամանակ ինձ ասացին, որ Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովն է ղեկավարելու և կոորդինացնելու հասարակական կարգի պահպանությունը: Իսկ ինչ վերաբերում է Պաշտպանության նախարարության աջակցությանը, ապա որևէ աջակցություն չի եղել»: Հայկ Հարությունյանն իր ցուցմունքում բազմիցս նշել է, որ ոստիկանությունն Ազատության հրապարակում եղել է միայն տեղազննում իրականացնելու նպատակով, ինչ վերաբերում է ցույցը ցրելու հրահանգի վերաբերյալ քննիչի հարցին, ապա Հայկ Հարությունյանը պատասխանել է. «Ինչ վերաբերում է իմ կողմից ցույցը ցրելու հրահանգ տալուն, ապա միանշանակ բացառում եմ: Որևէ դեպքում Երևանի ՊՊԾ գնդին կարգադրություն չեմ տվել ցրել Ազատության հրապարակի ցույցը, հնարավոր եմ համարում, որ բախումից հետո ՊՊԾ գունդը մտել է հրապարակ՝ բախումը հանդարտեցնելու և ցուցարարներին այնտեղից դուրս հանելու համար։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի՝ ԵՊՀ-ում տեղի ունեցած հայտարարությանը, ապա այդ ելույթի մասին լսում եմ առաջին անգամ: Իսկ ինչ վերաբերում է տեսանյութերի բացակայությանը, ապա իմ կողմից հանձնարարություն եղել է, որ «02»-ը տեղում  նկարահանումներ կատարի, սակայն ներկայումս որտեղ են այդ տեսանյութերը, չգիտեմ: Ես հիշում եմ, որ նկարահանվել են այն դրվագները, երբ հրապարակում Աֆյանը մոտենում է բեմին կանգնած Լևոն Տեր-Պետրոսյանին և հայտնում է այցի նպատակի մասին, որքան հիշում եմ, բարձրախոսով Սաշա Աֆյանն անգամ դիմել է ցուցարարներին, սակայն տեղի է ունեցել բախում: Հիշում եմ  նաև, որ Լևոն Տեր-Պետրոսյանն էր դիմել ցուցարարներին՝ ասելով՝ մեր ոստիկաններն են, սպասեք, տեսնենք՝ ինչ են ուզում, սակայն նրանք Տեր-Պետրոսյանին էլ չեն լսել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ