Գլխավոր դատախազությունը մշակել և ՀՀ Արդարադատության նախարարությանն է ներկայացրել Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների մի նախագիծ, որի վերջնական ընդունումը հնարավորություն կտա հարկ եղած դեպքում վկաներին կամ փորձագետներին հարցաքննել տեսակապի միջոցով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը։
Դատական քննության փուլում հաճախ առաջանում են իրավիճակներ, երբ քննչական գործողությունների մասնակիցները հանրապետությունից դուրս են գտնվում, ինչն օբյեկտիվորեն խոչընդոտում է պատշաճ ժամկետներում վարույթի իրականացմանը և թույլ չի տալիս ձեռք բերել գործի համար կարևորություն ունեցող ապացուցողական տվյալներ:
Օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է քրեական գործերով մինչդատական վարույթի ընթացքում առաջացող պրակտիկ խնդիրների ուսումնասիրության ցուցանիշներով. շատ հաճախ հնարավոր չի լինում իրականացնել քննվող գործով անհրաժեշտ քննչական գործողությունները՝ տվյալ քննչական գործողություններին մասնակիցների՝ տարբեր պատճառներով վարույթն իրականացնող մարմին ներկայանալու անհնարինության պատճառով:
Նման իրավիճակները հանգեցնում են քրեական գործով վարույթի չարդարացված ձգձգումների, հնարավորություն չեն տալիս վարույթն իրականացնող մարմնին համապատասխան քննչական գործողությունների միջոցով ձեռք բերել գործի համար կարևորություն ունեցող ապացուցողական տվյալներ՝ անհնարին դարձնելով քրեական դատավարության խնդիրների պատշաճ իրականացումը:
Բացի այդ, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի գործող իրավակարգավորումները չեն նախատեսում դատական քննության փուլում վկաներին և փորձագետներին տեսակապի միջոցով հարցաքննելու որևէ հնարավորություն:
Միջազգային պրակտիկայում նոր չէ տեսակապի միջոցով վկաներին հարցաքննելը: Այս մեխանզիմն առավելապես կիրառվում է ԵՄ անդամ պետությունների միջև քրեական գործերով փոխադարձ իրավական աջակցություն ցուցաբերելիս, երբ մի պետություն կարող է դիմել մեկ այլ պետության, որպեսզի տվյալ երկրի քաղաքացին ծանուցվի և ներկայանա իրավասու մարմին՝ տեսակապի միջոցով հարցաքննվելու:
Տեսակապի միջոցով հարցաքննելու պրակտիկան կիրառվելու է բացառիկ դեպքերում, երբ բոլոր ողջամիտ քայլերը ձեռնարկելուց հետո էլ հնարավոր չլինի ապահովել վկայի ֆիզիկական ներկայությունը դատական քննությանը: Այս իրավակարգավորումը կնպաստի դատական քննության ողջամիտ ժամկետների պահպանմանը, նյութական ռեսուրսների խնայմանը, ինչպես նաև կապահովի որպես մեղադրյալ ներգրավված անձի կոնվենցիոն իրավունքների լիարժեք իրացումը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը