Փաստաբան Վահե Եփրիկյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է․
«Հերթական անգամ ոստիկանությունում ենք գտնվում։ Այս անգամ վստահորդս մեր ընկեր Արշակ Սարգսյանն է, ում հետ ներկայացել ենք Ոստիկանության Կենտրոնականի բաժին՝ ներկայացնելու հաղորդում հանցագործության մասին։
Այսպիսով՝ Արշակ Սարգսյանն, այսօր՝ առավոտյան 11։00 ֊ 11։30 ֊ ի սահմաններում, Բաղրամյան պողոտայով մեքենայով ընթանալիս է եղել, երբ մայթեզրով անցնող պատահական անցորդը մոտեցել է իր մեքենային, հնչեցրել հայհոյանքներ, մի քանի անգամ հարվածել վերջինիս, ապա ոտքով հարվածել մեքենայի դռանն ու հեռացել։ Պատճառն ըստ վերոհիշյալ անցորդի եղել է հետևյալն՝ իրեն թվացել է՝ Արշակը հայհոյել է իրեն, հարցրել է՝ հայհոյե՞լ է արդյոք, Արշակն էլ պատասխանել է, որ ոչ, ինչու՞ պետք է հայհոյեր անձի, ում նկատմամբ անձնական որևէ բան չունի և միայն տեսել է ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի իրականացված ակցիաների շրջանակներում Քոչարյանի աջակիցների դիմաց պարբերաբար հավաքվող մի քանի քաղաքացիների շրջանում։
Ինչպես արդեն իսկ պարզվել է, նշյալ անցորդը մարտի 1 ֊ի գործով տուժող Անդրանիկ Հարությունյանն է։
Հիմնավոր կասկած ունեմ առ այն, որ վերոհիշյալը դեպքը կրում է բացառապես քաղաքական ենթատեքստ. տեսնելով, որ իրավական ֊ քաղաքական պայքարն օրինականության շրջանակներում անկարող են շարունակել՝ որոշ շրջանակի անձինք փորձում են սադրել Քոչարյանի աջակիցներին, վերջիններիս դրդել հակաօրինական գործողությունների, մինչդեռ վերջիններիս պայքարը բացառապես իրավականության տիրույթում է, պահանջն՝ օրինականությունը, որը փաստվում է նաև դեպքից անմիջապես հետո Արշակ Սարգսյանի դրսևորած վարքագծով՝ նրա՝ մեքենայից չիջնելով, պատասխան գործողություններ չձեռնարկելով և դրսևորելով իրավաչափ վարքագիծ։
Անդրանիկ Հարությունյանի հակաօրինական վարքագիծը պայմանավորված է եղել իր անձը վեր դասելու մոլուցքով՝ հասարակության, մասնավորապես Արշակ Սարգսյանի նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, անկանոն հայհոյանքներ հնչեցնելով, վերջինիս մարմնական վնասվածքներ պատճառելով ու մեքենան վնասելով, ուստի ակնկալում ենք վերոգրյալին տալ պատշաճ քրեաիրավական գնահատական։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը