Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը և վերջին օրերին ժամկետային զինծառայող Վոլոդյա Համլետի Գալոյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով վերջինիս կարգավիճակ չտալու վերաբերյալ հայտարարությունները՝ տեղեկացնում ենք, որ Վ.Գալոյանի կողմից կատարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված հանցագործություն, այն է՝ ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու՝ սպանելու ուղղակի դիտավորությամբ՝ Վ.Գալոյանը մարտական դիրքի գետնատնակի հարակից տարածքում իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ, սակայն Վ.Գալոյանի հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ վերջինիս կամքից անկախ հանգամանքներով: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վ.Գալոյանը քրեական գործով տուժող չի ճանաչվել, և քննարկվում է նրա կողմից կատարած հանցավոր արարքին իրավական գնահատական տալու հարցը:
Նշվում է նաև, որ վարույթն իրականացնող մարմինը դեպքից շուրջ 20 օր անց հեռախոսակապ է հաստատել Վ. Գալոյանի հոր՝ Հ. Գալոյանի հետ և առաջարկել հարցաքննել որպես վկա՝ իրենց բնակության վայրում, սակայն վերջինս հրաժարվել է: Այնուհետև, 25.08.2019թ. Հ.Գալոյանը հրավիրվել է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ որպես վկա հարցաքննության, սակայն վերջինս կրկին հրաժարվել է ներկայանալ և հայտնել, որ ցուցմունք կտա միայն տուժողի իրավահաջորդի կարգավիճակ ստանալուց հետո:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը