29 08 2019

Իջևան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Իջևան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Իջեւանի համայնքապետարանում կատարված առերեւույթ չարաշահումների դեպքի մի շարք հանգամանքներ. մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավարին եւ ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրենին: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Իջեւան համայնքի ղեկավարը, 2011թ-ից զբաղեցնելով նշված պաշտոնը, 2016թ. իր ընկերոջ կնոջը նշանակելով  ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրեն, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ թույլատրել է նրան 2017 թվականի հոկտեմբերի 1-ից մինչեւ 2018 թվականի հոկտեմբերի 1-ը աշխատանքի չներկայանալ եւ չիրականացնել աշխատանքային պարտականությունները, քանի որ վերջինս 2017 թվականին տեղափոխվել է Երեւան քաղաք:

Արդյունքում ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրենը, փաստացի աշխատանքի չներկայանալով եւ աշխատանքային պարտականությունները չկատարելով, յուրացրել է Իջեւանի համայնքապետարանի կողմից նշված ընկերությանը հատկացված դրամական միջոցներից նախատեսված՝ տնօրենի աշխատավարձի խոշոր չափերի գումարը՝  Իջեւանի համայնքապետարանին պատճառելով էական վնաս:

Բացի այդ, ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրենը, լիազորություն ունենալով ընկերության աշխատակցի նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոց կիրառելու, աշխատանքից ազատելու, ինչպես նաեւ՝ իր պարտականությունները չկատարող աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու, ՓԲԸ-ում որպես լրագրող աշխատող անձի կողմից 2016թ-ից մինչեւ 2018թ. աշխատանքի չներկայանալու եւ աշխատանքային պարտականությունները փաստացի չկատարելու պարագայում, հանձնարարել է հաշվարկել եւ լրագրողին վճարել է նշված ժամանակահատվածի համար սահմանված դրույքաչափերով նախատեսված լրագրողի աշխատավարձի ընդհանուր խոշոր չափերի գումարը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Իջեւան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:  ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ  կետերով (2 դրվագ): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ