News.am-ը գրում է.
«Անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման շրջանակներում մարդու իրավունքների զանգվածային խախտումների վերաբերյալ փաստերի հավաքագրումը պետությունից հսկայածավալ ռեսուրսներ կպահանջի։ Նման կարծիք NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց իրավաբան Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով վերջին 27 տարում Հայաստանում տեղի ունեցած խախտումների դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ձևավորելու Արդարադատության նախարարության առաջարկին։
«Առաջին հայացքից շատ հաճելի, խոստումնալից նախագիծ է թվում, սակայն որպես պետական համակարգի նախկին աշխատակից կարող եմ փաստել, որ այս գործընթացը կծանրաբեռնի մի ամբողջ նախարարության, իրավապահ կառույցներին, իսկ իրավական տեսանկյունից մի շարք լրացուցիչ խնդիրների առաջ է կանգնեցնելու»,–ասաց նա։
Իրավաբանի գնահատմամբ, այս ռազմավարությունը անցյալին ուղղված գործողություն է և երկրի զարգացմանը որևէ նպաստ չի կարող բերել։
«Ես կարծում եմ մեր պետությունը չի կարող իրեն նման ճոխություն թույլ տալ։ Աշխարհն առաջ է գնում, 21–րդ դարում ենք ապրում, իրավունքի զարգացում է տեղի ունենում և մի շարք տեղեկատվական, իրավական և այլ բնագավառներում մարդիկ կատարելագործում են ապահովում իրենց երկրում, իսկ մենք անցյալին ուղղված քայլ ենք անում»,–ասաց իրավաբանը՝ նկատելով, որ սրա արդյունքում տուժելու են ապագային միտված բարեփոխումները։
Գոհար Մելոյանը դժվարացավ նշել, թե ինչ ժամկետներում հնարավոր կլինի իրագործել առաջարկվող ծրագիրը։
«Այս նախագծի արդյունքում ի հայտ կգան մի շարք պոպուլիստական հայտարարություններ։ Քաղաքացիները կարծելու են, որ որոշակի առումով իրենց խախտված իրավունքները կվերականգնվեն, արդյունքում իրավապահ մարմիններին կուղղվի դիմումների մեծ հոսք, ինչի արդյունքում իրավապահ համակարգը կարող է կաթվածահար լինել»,–ասաց Մելոյանը»։
Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարությունը օգոստոսի 26–ին շրջանառության մեջ է դրել կառավարության որոշման նախագիծը, համաձայն որի 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած խախտումների դեպքերի ուսումնասիրության և դրանց վերաբերյալ տեղեկությունների հավաքման համար 2020թ. առաջին եռամսյակի ընթացքում կձևավորվի Փաստահավաք հանձնաժողով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը