Е-draft էլեկտրոնային կայքում ՀՀ արդարադատության նախարարության կողմից տեղադրվել է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներն կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ առանձնացնելով նախատեսվող փոխություններից երկուսը։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Նշված նախագծերի փաթեթում առանձնահատուկ ուշադրություն է արժանի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում նախատեսվող երկու փոփոխությունները։
1) Նախագծի անցումային դրույթում նախատեսվում է, որ օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորները մինչև իրենց պաշտոնավարման տաիրքը լրանալը պահպանում են իրենց հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները և սոցիալական երաշխիքները, իսկ պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո ստանում են օրենքով նախատեսված կենսաթոշակ։
2) Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու դեպքում նրա լիազորությունները կասոցում են մինչև քրեական գործով վարույթի ավարտը։
Նախագծերի փաթեթում առկա մի շարք հակասահմանադրական կարգավորումների կանդրադառնամ հաջորդիվ։ Այս պահին արձանագրում ենք նախագծի հիմնական նպատակները. 1) ստեղծել բավարար իրավական հիմքեր ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի օրինակով Սահմանադրական դատարանի դատավորներին կոնկրետ գործերով վարույթից հեռացնելու համար.
2) Սահմանադրական դատարանի ներկա դատավորների համար ստեղծել նյութական շահագրգռվածություն հրաժարական տալու, և Սահմանադրական դատարանը սեփական կադրերով լրացնելու համար՝ լրջագույն կասկածի տակ դնելով ՍԴ դատավորների մասնագիտական արժանապատվությունը։
Արձանագրենք նաև, որ նախագիծը շրջանառության մեջ դնելով՝ Կառավարությունը փաստացի դադարեցրեց սահմանադրական դատարանի դատավոր/անդամ վերաբերյալ բանավեճը և ճանաչեց սահմանադրական դատարանի ներկա դատավորների լեգիտիմությունը, սակայն օրենսդրական փոփոխությունների ճանապարհով որդեգրեց քաղաքական այլընտրանքային շանտաժի մեխանիզմը. «կամ ինքնակամ հեռացեք՝ համապատասխան ֆինանսական փոխհատուցմամբ, կամ կդառնանք արհեստածին քրեկան գործերի մասնակից և կհեռացվեք Սահմանադրական դատարանից»։
Հ. գ. Առնվազն տարակուսելի է նաև նախագծերի փաթեթում Սահմանադրական դատավորների համար սահմանված հրաժարական ներկայացնելու վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 31-ը, այսինքն՝ գործ ունենք ՍԴ-ին ուղղված վերջնագրի հետ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը