Shamshyan.com-ը գրում է․ «Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները գլխավորությամբ տաք հետքերով հայտնաբերել և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն են բերման ենթարկել Աբովյան քաղաքի բնակիչ 43-ամյա Մարկոս Մարկոսյանին։
Մարկոս Մարկոսյանն օգոստոսի 2-ին, Երևան-Սևան ավտոճանապարհի՝ «Արծվի թևեր»-ի մոտ, առևանգել էր «Շշի Մելո» մականվամբ գործարար Մելիք Մանուկյանին պատկանող, պայթյունի հետևանքով վնասված Range Rover մակնիշի ավտոմեքենան, սակայն հայտնաբերվեց եւ ձեռնաշղթայված տեղափոխվեց քննչական վարչություն։
Մ. Մարկոսյանն աշխատում է գործարար Մ. Մանուկյանի մոտ՝ որպես թիկնապահ»։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով՝ 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրել է ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ նյութ և 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, Մ.Մանուկյանի «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսսան» և «Պատրուլ» տեսակի ավտոմեքենաների ընթացքի ժամանակ պայթեցրել այն, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ իր կամքից անկախ հանգամանքներով:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Ավտոմեքենաներում գտնվող չորս անձինք ճանաչվել են տուժող:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը