«168 Ժամ»-ը գրում է․ «Հուլիսի 29-ին Բարձրագույն դատական խորհրդի կողմից կասեցվել է Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները։ Դատավորի լիազորությունների կասեցումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նրա սենյակում օրեր առաջ կատարվել է խուզարկություն։
Երեկ էլ հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ում մեղադրանք է առաջադրվել դատավոր Դավիթ Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Առաջադրված մեղադրանքը դատավորը չի ընդունել՝ նշելով, որ այդ ամենն ուղիղ կապ ունի իր մասնագիտական գործունեության հետ։
168.am-ի հետ զրույցում Դավիթ Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը նշեց, որ չի ցանկանում նշել, թե ինչ գործ են հայտնաբերել Դ. Գրիգորյանի աշխատասենյակում, քանի որ դատավորը փաստացի չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը և ցուցմունք չի տվել։
«Ցուցմունք չտալու պայմաններում սխալ է, որպեսզի ես որևէ մեկնաբանություն տամ փաստական հանգամանքների վերաբերյալ։ Միայն մեկ բան կասեմ, որ այն գործը, որով ցանկանում են այսպիսի իրավական հետևանք առաջացնել պարոն Գրիգորյանի համար, այսօրվա դրությամբ կպել է ամբողջ դատական համակարգին, այն պարալիզացվել է։ Եթե միայն վերցնենք այն փաստը, որ դատավորի գործունեությունը կասեցվել է և նրա վարույթում գտնվող շուրջ 50 այլ քրեական գործեր, որոնք երկար ժամանակ քննվել են, այսօր պետք է տրվեն այլ դատավորի քննության, սա միայն բավական է, որ ամբողջ դատական համակարգն այս մեկ անհիմն ու հիմար քրեական գործի շրջանակներում ստեղծեր նման անհեթեթ պատմություն Դավիթ Գրիգորյանի շուրջ»,- նշեց փաստաբանը։
Նրա խոսքով՝ ԲԴԽ-ն այնքան անլուրջ վերաբերմունք է ցուցաբերել այս գործին, որ հաշվի չի առել՝ ամեն ինչ կշեռքին դնելուց ինչ նպատակային նշանակության է հասնելու, կասեցնելով դատավորի լիազորությունները, երբ մեղադրանքներն անհիմն են։
«Եթե նման բան կար, ապա ամեն ինչ կարգապահական բնույթի պետք է լիներ, այլ ոչ թե քրեական։ Այս քրեական գործը սարքվեց հատուկ նպատակով ու հատուկ թիրախավորված, պարոն Գրիգորյանն անձամբ արձանագրեց, թե այն ինչ քրեական գործի հետ է կապված։ Եվ այս ամենի ամբողջ նպատակն այն էր, որ նրան այդ գործից մեկուսացնեին։ Այսօր մեր իշխանության հարգարժան ներկայացուցիչները հասան իրենց նպատակին»,- շեշտեց փաստաբանը։
Հարցին՝ վերհաստատո՞ւմ է այն կարծիքները, որ Դավիթ Գրիգորյանը քավության նոխազ է դարձել այն պատճառով, որ փոխել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը, փաստաբանը պատասխանեց, որ նման կարծիք չի արտահայտել, այլ ուղղակի փաստերն է արձանագրում, որ այդ ամենն ուղղակի առնչություն ունի Ռոբերտ Քոչարյանի գործի հետ։
«Իսկ այն դատախազն ու քննիչը, որոնք նման որոշում էին կայացրել, որոնք գործին կցել էին, որ քրեական գործ հարուցելու հիմքեր ու առիթներ առկա չեն, և փաստացի գլխավոր դատախազն արձանագրում է, որ կատարվել է թերի քննություն, բա այդ քննիչը ու դատախազը պատասխան չե՞ն տալու, որ նման հնչեղություն ունեցող հանցագործության դեպքը մնացել է չբացահայտված։ Բոլոր հարցերին միակողմանի են նայում, բայց այս հարցին որևէ մեկն ուշադրություն չի դարձնում։ Ամբողջ խնդիրը հենց այն է, որ մայիսի 18-ին, երբ պարոն Գրիգորյանը կայացրեց իր հանրահայտ որոշումը, մայիսի 22-ին, չգիտեմ՝ ինչպես, Գլխավոր դատախազությունում բողոք ներկայացվեց»,- ընդգծեց Գեորգի Մելիքյանը։
Նա վստահեցրեց, որ յուրաքանչյուր ապօրինի գործողություն ստանալու է իր համարժեք արձագանքը, ուստի ակնկալում են, որ իրավասու մարմինները անհապաղ կարձագանքեն։
«Մենք բոլոր իրավական լծակներն օգտագործելու ենք, որպեսզի հաստատենք՝ ինչպես պարոն Գրիգորյանի անմեղությունը, այնպես էլ՝ մեղավորներն ուղղակի ձևով ենթարկվեն քրեական պատասխանատվության»,- եզրափակեց փաստաբան Մելիքյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Դավիթ Գրիգորյանի որոշմամբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխվեց։ Դատավորը հիմք էր ընդունել Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահների ներկայացրած անձնական երաշխավորագիրը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը