«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը կարծում է, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ սկսված քրեական հետապնդման մեկ տարվա ընթացքում հասարակությունը չտեսավ իրավապահների այն «ոսկերչական» աշխատանքը, որը պետք է տեսներ:
«Ամբողջ գործընթացը՝ քայլ առ քայլ պետք է լիներ անթերի, պետք է համապատասխաներ ոչ միայն օրենքի տառին, այլև՝ իրավունքի ոգուն, այն է՝ ցանկացած քայլ պետք է իրականացվեր մարդու իրավունքների պաշտպանությունից ելնելով: Ցավով եմ նշում, որ իշխանությունները, հայտարարված բարի նպատակներին փորձում են հասնել հակառակ միջոցներով: Երկիրը, կարծես թե, հեռանում է իրավական պետության կայացման ճանապարհից և ամենատխուր արդյունքը սա է»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Լարիսա Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն մեկ տարի է, ինչ «Մարտի 1»-ի քրեական գործով մեղադրվում է Սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։
Լարիսա Ալավերդյանի խոսքով, այս ընթացքը ցույց տվեց, որ իշխանության՝ հայտարարված նպատակներն ու միջոցները, որոնցով փորձում է հասնել նպատակներին, հակասում են միմյանց այնքան, որ ոտնահարվում են ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի և մյուսների իրավունքները, որոնք սահմանված են ՄԻ եվրոպական կոնվենցիայի 5-րդ և 6-րդ հոդվածներով, այլև ՝ դատապաշտպանների ու դատավորների իրավունքները: Ըստ նրա, 2-րդ նախագահի դեմ սկսված գործընթացում կա և միջանձնային հարաբերությունների, և շտապողականության խնդիր: «Եթե դու առաջին քայլն անելիս շեղվում ես ճիշտ ճանապարհից, ապա մնացած քայլերը քեզ ավելի ու ավելի են հեռացնում հայտարարված նպատակներից: Ես երբևէ չեմ ցանկացել, որ Հայաստանը հայտնվի այն երկրների ցուցակում, որոնք նշվում են որպես քաղաքական հետապնդում իրականացնող երկրներ: Եթե մենք հետևենք Amnesty International –ի ձևակերպումներին, ըստ որոնց, եթե տեղի են ունենում ՄԻ կոպիտ և հետևողական ոտնահարումներ, ապա գործ ունենք կամ միջանձնային հարաբերությունների կամ օրենքի չիմացության և բացարձակ օրինազանցության կամ քաղաքական հետապնդման հետ և կամ դրանց միասնության: Վախենամ, որ մենք ունենք հենց այս բոլորի միասնությունը»,-նշում է իրավապաշտպանը:
Լարիսա Ալավերդյանը վստահ է՝ Մարտի 1-ի գործի կծիկը պետք էր սկսել սպանությունների գործերը բացահայտելուց: Ըստ նրա, անցնող տասը տարիներին համապարփակ քայլեր այս ուղղությամբ չեն իրականացվել, գործող իշխանությունը ևս այդ ուղղությամբ քայլեր չարեց. «Երբ անցյալ տարի հայտարարվեց, որ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտված է, ես անմիջապես ասացի, որ դա նշանակում է՝ գործի բացահայտումը այս անգամ ևս անորոշ ժամանակով հետաձգվեց»:
Լարիսա Ալավերդյանը անհանգստացնող է համարում նաև ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի՝ գաղտնալսված հեռախոսազրույցի բովանդակությունը, որը, ըստ նրա, մոռացության մատնվեց, ինչպես նաև վարչապետի այն հայտարարությունը, թե ԱԱԾ-ից փաստաթղթեր են կորել: Այս հայտարարությունը իրավապաշտպանը կապում է վեթինգի գործընթացի հետ: «Ես կարծում եմ, որ այնտեղ այնպիսի թղթեր են կորել, որոնք նշանակություն ունեն այսպես ասած, վեթինգի, այս կամ այն աստիճանի իլյուստրացիայի համար: Միշտ կորում են այնպիսի փաստաթղթեր, որոնք պետք է կորեն տվյալ իշխանությունների ժամանակ և այդ բոլոր հայտարարությունները, թե պետք է ամբողջովին անկախ արդարադատության համակարգ կայանա, պարզապես քողարկում են դատարանները յուրայիններով լրացնելու՝ իշխանության ցանկությունը»,-եզրափակում է Լարիսա Ալավերդյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը