Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հուլիսի 23-ի նիստին Մանվել Գրիգորյանը չի ներկայացել: Նրան դատարան չեն բերել առողջական խնդիրների պատճառով: «Նաիրի» ԲԿ-ից նիստի համար նույնաբովանադակ փաստաթուղթ էր ներկայացվել դատարանին, որտեղ նշված էր, որ մեղադրյալը դատական նիստին չի կարող մասնակցել՝ առողջական խնդիրների պատճառով:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշեց, որ դատական նիստին ներկայացել է բժիշկ–փորձագետ, որը պետք է մասնակցի Գրիգորյանի համար նշանակված միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությանը:
Հանրապետական ԲԿ-ի Էնդոկրինոլոգիայի բաժնի վարիչ Լուսինե Մամիկոնյանին հանձնվեց համապատասխան փորձաքննության որոշումը՝ հնարավորություն տալով նրան ծանոթանալ, որից հետո եզրակացություն ներկայացնել:
Մեղադրող կողմը դատարանից պահանջեց Լուսինե Մամիկոնյանի մասնագիտական գործունեությունը փաստող փաստաթղթեր, որը ներկայացնելու համար դատարանը ընդմիջում հայտարարեց: Նիստը կշարունակվի 14.30-ին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը