16 07 2019

Ասողին լսող է պետք. hraparak.am

Ասողին լսող է պետք. hraparak.am

Hraparak.am-ը գրում է.

Այո, ոչ մի մարգարե ընդունելի չէ իր քաղաքում։ Երբ օրեր շարունակ իրավաբանները, քաղաքագետները, քաղաքական գործիչները պնդում էին, թե վեթթինգն արհեստածին գործընթաց է, իսկ սահմանադրական ճգնաժամ երկրում չկա, ոչ ոք չէր լսում նրանց։ Երբ լրագրողները տասնյակ հոդվածներ էին հրապարակում՝ հարցադրումներ անելով եւ իշխանությունների ուշադրությունը հրավիրելով իրենց իսկ կողմից կիրառված մեթոդների անընդունելիության վրա, մեզ անտեսում էին, եւ մեր խոսքը հնչում էր որպես ձայն բարբառո հանապատի։ Պարտադիր էր, որ հնչեր Վենետիկի հանձնաժողովի կամ մեկ այլ եվրոպական կառույցի կարծիքը, որ հանրությունը հասկանար՝ դատական համակարգի, արդարադատության ատյանների հետ կոպիտ միջամտությունների լեզվով խոսելն անթույլատրելի է, անօրինական եւ վտանգավոր։  Ակնհայտ էր, որ դատական համակարգի բարեփոխման բոլորովին այլ մեթոդներ եւ գործիքներ է հարկավոր կիրառել։

Իսկ Սահմանադրական դատարանի ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանի հայտարարությունը ոչ միայն իրավական առումով մերժելի է, այլեւ բռնություն է բարձր դատարանի հանդեպ՝ որքան էլ որ այդ դատարանի կազմն ու բովանդակությունը մեզ համար մերժելի լինեն։ Առհասարակ՝ անօրինական մեթոդներով օրինականություն հաստատել հնարավոր չէ։

Եվ դատավորների եկամուտների ու կապերի ստուգման, նրանց հետ կանչելու, զտում իրականացնելու բոլոր միջոցներն այսօրվա մեր օրենսդրությունը նախատեսել է։ Ընդամենը հարկավոր է գնալ օրինականության ճանապարհով եւ զերծ մնալ ավելորդ միջամտությունների գայթակղությունից, անգամ եթե այդ դատարանները ձեզ համար մերժելի որոշումներ են կայացնում, օրինակ՝ ազատ են արձակում Ռոբերտ Քոչարյանին։ Վենետիկի հանձնաժողովը, ըստ էության, նոր բան չի ասել՝ հաստատել է հայ իրավաբանների ասածները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ