15 07 2019

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմել են դատավոր Դավիթ Գրիգորյանին և Արմեն Դանիելյանին. Փաստինֆո

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմել են դատավոր Դավիթ Գրիգորյանին և Արմեն Դանիելյանին. Փաստինֆո

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին եւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին՝ Ընդհանուր իրավասության դատարանում գործի՝ առանց խոչընդոտ քննությունն ապահովելու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանից։

Բանն այն է, որ Վերաքննիչ քրեական դատարանի՝ հունիսի 25-ի որոշումից հետո Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում նիստի օր չի նշանակվել, որովհետեւ Վերաքննիչ դատարանը գործի նյութերը չէր ուղարկել Առաջին ատյանի դատարան։ Ավելի ուշ պարզ դարձավ նաեւ, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը, ում նախագահությամբ պետք է վերսկսվի գործի քննությունը, արձակուրդում է։

Հովհաննես Խուդոյանը նշել է, որ իրենց դիմումի պատճենը միաժամանակ ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի եւ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահներին, որպեսզի նրանք իրենց լիազորությունների սահմաններում ապահովեն գործի բնականոն կատարումը։ Պատճեններն ուղարկվել են նաեւ Բարձրագույն դատական խորհրդին եւ Մարդու իրավունքների պաշտպանին. «Կան խնդիրներ, որոնք անհապաղ քննության ենթակա են, եւ դրանց թվում են անձի ազատության հարցը լուծելու վերաբերյալ միջնորդությունները, որոնք Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը պետք է ապահովի»,-ասել է նա։

Թե ինչ գործիքակազմով պետք է քննվեն այդ միջնորդությունները, ըստ պաշտպանի, դիմումի հասցեատերերը պետք է որոշեն. «Դա, կոպիտ ասած, մեղադրյալի խնդիրը չէ, մեր առաջնային պահանջն այն է, որ գործի նյութերը վերադարձվեն Առաջին ատյանի դատարան, որպեսզի դա խոչընդոտ չհանդիսանա Առաջին ատյանի դատարանում գործի քննության համար, իսկ այդ նյութերը ենթակա էին վերադարձման դեռեւս մինչեւ այն օրն էլ, երբ Դավիթ Գրիգորյանը արձակուրդ գնաց, այսինքն՝ գործը կարող էր քննվել նաեւ մինչեւ նրա արձակուրդ գնալը»։

Ի պատասխան այն հարցին, թե ինչ հնարավոր լուծում է կարելի կիրառել այս դեպքում, երբ դատավոր Դավիթ Գրիգորյանն արձակուրդում է, Հովհաննես Խուդոյանն ասել է. «Հնարավոր է անձին արձակուրդից հետ կանչել, հնարավոր է եւ այլ դատավորի մակագրություն. օրենքը հնարավորությունը տալիս է հրատապ միջնորդությունները քննարկել այլ դատավորի նախագահությամբ»։

Հարցին՝ պաշտպանական կողմն ի՞նչ դիրքորոշում կունենա գործի քննությունն այլ դատավորի նախագահությամբ շարունակելուն, Հովհաննես Խուդոյանն ասաց, որ յուրաքանչյուր դատավորի մասով պետք է առանձին հասկանալ՝ ինքնաբացարկի հիմքեր կան թե ոչ. «Եթե չլինեն, մեզ համար տարբերություն չկա, թե որ դատավորը կքննի»,-ասել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ