«Դատախազության համարակարգում այս մեկ տարում դրական փոփոխություններ կան, բայց եկեք չմեկնաբանեմ»,- այսօր՝ հուլիսի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ դատախազության օրվան նվիրված միջոցառումից հետո:
Խոսակցություններին՝ արդյոք «Մարտի 1»-ի գործով հարցաքննվել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Խաչատրյանն արձագանքեց. «Այսօր «Մարտի 1»-ի գործից չենք խոսում, այսօր տոն է, եկեք օրվա խորհրդից խոսենք: Ոչ հաստատում եմ, ոչ էլ հերքում եմ»:
Խաչատարյանը նաև անդրադարձավ նախագծին, որը հրապարակվել է e-draft կայքում, և որով առաջարկվում է նոր հակակոռուպցիոն մարմնի ստեղծում և ենթադրում է ՀՔԾ-ի լուծարում. «Բայց դա դեռևս նախագիծ է, կոնկրետ օրենք այս պահին շրջանառության մեջ դրված չկա: Կապրենք, կտեսնենք: Ես չեմ որոշում՝ հրաժեշտ տալ պաշտոնին, թե ոչ, այդ հարցը ես չեմ լուծում»,-ասաց նա:
Հարցին, թե ինչպե՞ս կվերաբերեք, եթե թույլ չտան ձեզ և մյուսներին մտնել ՀՔԾ շենք ու աշխատել, նա պատասխանեց. «Իրավապահ մարմինների գործունեությունը առանձնանում է նրանով, որ շատ դեպքերում մի կողմը միշտ դժգոհ է մնում: Քաղաքացիներ են լինում, որ գալիս են խոչընդոտում են մուտքը: Ես չեմ կարող ասել՝ նորմալ է, թե ոչ, բայց լինում են նման բաներ: Մարդիկ իրենց վրդովմունքը, տեսակետն են արտահայտում: Եթե պետական պաշտոնյայի համար թույլատրելի է միայն այն, ինչ նախատեսված է օրենքով, քաղաքացու համար թույլատրելի է ամեն ինչ, ինչն արգելված չէ օրենքով»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը