29 06 2019

10 օրում բերման է ենթարկվել 600-ից ավելի մարդ, այդ թվում՝ «օրենքով գողեր»



Արդեն շուրջ 10-ը օր ոստիկանության մարզերը սպասարկող ստորաբաժանումներն անցել են շուրջօրյա ուժեղացված ծառայության՝ առաջնորդվելով ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի պահանջներով։ Նպատակը նույնն է՝ հասարակական կարգի պահպանություն, երթևեկության անվտանգություն, հանցագործությունների և իրավախախտումների կանխում ու բացահայտում։ Ամփոփ ներկայացնենք հունիսի 21-ին ու 22-ին մարզերում իրականացված ուժեղացված ծառայության արդյունքները։ Նախ Շիրակի մարզի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների մասին։

1 Ոստիկանները գործել են օրինախախտների նկատմամբ ներողամտություն ու հանդուրժողականություն չցուցաբերելով։ Արդյունքում տարբեր կասկածանքներով, ինչպես և ոստիկանների օրինական պահանջները չկատարելու կամ դիմադրություն ցույց տալու համար Մուշի, Կումայրիի, Ախուրյանի, Ամասիայի, Աշոցքի, Անիի և Արթիկի բաժիններ բերման է ենթարկվել ու բերվել 129 անձ, այդ թվում՝ Գյումրիում ապրող, այսպես կոչված՝ «օրենքով գող», 10-ից ավելի քրեական հեղինակություն, նախկինում առանձնապես ծանր և ծանր հանցագործությունների մեղադրանքով դատապարտված անձինք։ Նրանց հետ տարվել են համապատասխան պրոֆիլակտիկ աշխատանքներ։ Ուժեղացված ծառայության շրջանակներում Շիրակի ոստիկանները ստուգել են 640-ից ավելի ավտոմեքենա և քրեական հեղինակությունների 14 բնակարան։ Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 16 տրանսպորտային միջոց, որոնց վարորդներն իրենց գործողություններով վտանգել են երթևեկության մյուս մասնակիցնների կյանքն ու առողջությունը։ Նրանցից 11 վարորդ մեքենա վարելու իրավունք չի ունեցել, 2-ն էլ եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում։ ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտման փաստերով կազմվել է 106 արձանագրություն։ Հասարակական անվտանգությամբ մտահոգ՝ ոստիկանության Շիրակի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները, ոստիկանության պետի հանձնարարականի համաձայն, մշտապես իրականացնելու են ուժեղացված նմանօրինակ ծառայություններ՝ հսկողության տակ պահելով բոլոր օրինախախտներին։

2 Արարատի մարզի ոստիկանները Արտաշատի, Արարատի և Մասիսի բաժիններ տարբեր կասկածանքներով բերման են ենթարկել 23 անձի, ստուգումներ են իրականացրել մարզում բնակվող շուրջ 30 քրեական հեղինակության բնակության վայրերում։ Ուժեղացված ծառայության ընթացքում Արարատի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպք, հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք ու հետախուզվող անձ, որն ևս բերման են ենթարկել։ Երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտումների փաստերով կազմվել է 152 արձանագրություն, այդ թվում՝ 29-ը արագության գերազանցման համար։ Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 19 տրանսպորտային միջոց, որոնցից 5-ի վարորդներն ալկոհոլ օգտագործած են եղել, իսկ 14-ը չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր։ Համակեցության կանոնների և երթևեկության անվտանգության պահպանման նպատակով Արարատի ոստիկանները նմանօրինակ ուժեղացված ծառայություններ իրականացնելու են պարբերաբար։

 3 Հունիսի 21-ի և 22-ի ուժեղացված ծառայության արդյունքում Լոռու ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 143 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 14 ավտոմեքենա, որոնց վարորդներից 9-ը եղել են ալկոհոլի ազդեցության տակ։

4 Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ենթակա ստորաբաժանումներից, ինչպես և մարզը սպասարկող ճանապարհային ոստիկաններից կազմված օպերատիվ խմբերը շրջել են Արմավիրի քաղաքներում և ավտոճանապարհներին։ Հայտնաբերվել է իրավախախտման մի քանի տասնյակ դեպք։ Արմավիրի, Վաղարշապատի, Մեծամորի և Բաղրամյանի բաժիններ տարբեր կասկածանքներով, ինչպես և ոստիկանի օրինական պահանջները չկատարելու համար բերման է ենթարկվել ու բերվել ընդհանուր 210 անձ, այդ թվում՝ քրեական հեղինակություններ ու նախկինում դատապարտված անձինք։ Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 50-ից ավելի տրանսպորտային միջոցներ, որոնց վարորդները չարամտորեն խախտել են երթևեկության կանոնները՝ սպառնալիք ստեղծելով երթևեկության մյուս մասնակիցների կյանքի և առողջության համար։ Այն վարորդները, որոնք ոստիկանների ներկայությամբ դրսևորել են ոչ իրավաչափ վարքագիծ․ բերման են ենթարկվել բաժիններ։ Որոշ դեպքերով հարուցվել են վարչական վարույթներ։ 

5 Հունիսի 21-ին և 22-ին ուժեղացված ծառայություն է իրականացվել նաև Տավուշի մարզում։ Մարզը սպասարկող ճանապարհային ոստիկաններն ու տարածքային ստորաբաժանումների ծառայողները ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումների փաստերով պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել 12 տրանսպորտային միջոց, որոնց վարորդների նկատմամբ կազմվել են արձանագրություններ։ Հնարավոր հանցագործությունների կանխման նկատառումներով՝ Իջևանի, Դիլիջանի, Տավուշի և Նոյեմբերյանի բաժիններ են բերվել մարզում ապրող քրեական հեղինակություններ ու նախկինում մի քանի անգամ դատապարտված անձինք, որոնց հետ տարվել են պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ։

6 Հունիսի 21-ին ու 22-ին Վայոց ձորի ոստիկաններն իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 16 խախտում, 3 մեքենա էլ տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է նաև 150-ից ավելի տարբեր տեսակի ձուկ։ Դրանք Արփա գետից էլեկտրահարման եղանակով որսացած անձը բերման է ենթարկվել։ Տարածքայինն բաժիններ են հրավիրվել նախկինում դատապարտված մի խումբ անձինք, որոնց հետ տարվել են պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ։ 

7 Հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման նպատակով իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում Գեղարքունիքի ոստիկանները ստուգվել են 416 մեքենա, որոնց վարորդները իրենց գործողություններով կասկած են հարուցել։ Հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման 91 դեպք, որոնց փաստերով կազմվել են արձանգրություններ։ Գավառի, Սևանի, Մարտունու, Վարդենիսի, Ճամբարակի բաժինների և ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 17 մեքենա, որոնց վարորդներն իրենց գործողություններով իրական սպառնալիք են ստեղծել երթևեկության մյուս մասնակցիների կյանքին և առողջությանը։ Հնարավոր հանցագործությունների կանխման նպատակով հիշյալ բաժիններ բերվել է նախկինում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքով դատապարտված 112 անձ։ Նրանց հետ տարվել է պրոֆիլակտիկ բնույթի բացատրական աշխատանք։ Բերման ենթարկվածներից մեկի մոտ հայտնաբերվել է սառը զենք, որն առգրավվել է։ 

8 Երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում Կոտայքի մարզում ստուգվել է 325 տրանսպորտային միջոց։ Տարբեր կասկածանքներով կամ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար բաժիններ է բերվել ու բերման ենթարկվել 41 անձ, այդ թվում՝ նախկինում դատապարտված անձինք։ Նրանց հետ տարվել են կանխարգելիչ աշխատանքներ։ Ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ կատարելու համար պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 18 տրանսպորտային միջոց։ Ընդհանուր առմամբ վարչական պատասխանատվության է ենթարկվել 68 վարորդ։ Հարգելի քաղաքացիներ, պահպանեք համակեցության ու երթևեկության կանոնները․ ոստիկանության ուժեղացված ծառայությունները մշտական են։

 9 Երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում Արագածոտնի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 114 խախտում, որոնց փաստերով կազմվել են արձանագրություններ։ Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել մի քանի տրանսպորտային միջոց։ Աշտարակի, Ապարանի, Արագածի և Թալինի բաժիններ բերման է ենթարկվել ու բերվել 28 անձ, այդ թվում՝ քրեական հեղինակություններ և նախկինում դատապարտված անձինք, որոնց հետ տարվել են պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ։ Ուժեղացված ծառայության ընթացքում Աշտարակի ոստիկանները անձնական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել։ Նրանք հետապնդել ու բռնել են «Օպել» մակնիշի ավտոմեքենայով փախուստի դիմած երիտասարդ տղայի և աղջկա։ Նրանք ավտոլվացման կետի դրամարկղից գողություն էին արել։ Ոստիկանները հայտնաբերել են նաև հափշտակված մետաղադրամները։ 

10 Տեսաշարը եզրափակենք Սյունիքի ոստիկանների աշխատանքը ներկայացնելով։ Տարբեր կասկածանքներով ոստիկանության Կապանի, Գորիսի, Մեղրիի և Սիսիանի բաժիններ բերվել ու բերման են ենթարկվել 65 անձ, այդ թվում՝ Սյունիքում բնակվող քրեական հեղինակություններ ու նախկինում դատապարտված անձինք։ Նրանց հետ տարվել են պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ։ Ուժեղացված ծառայության ընթացքում Սյունիքի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության ու անասնագողության 1-ական դեպք։

Երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտման 85 դեպք, որոնց փաստերով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Հասարակական անվտանգությամբ մտահոգ՝ ՀՀ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում մշտապես իրականացնելու է ուժեղացված ծառայություններ՝ ներողամտություն չդրսևորելով օրինախախտների նկատմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ