ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը դեռևս չի ստացել նրա նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Փաստաբանական թիմի մամուլի քարտուղար Էլինա Սահակովան։ «Դատարանի որոշումն ուղարկվում է փոստով։ Ուրբաթ օրվա վերջում փաստաբանները դատարանից չեն ստացել տեղեկատվություն որոշման պատրաստ լինելու մասին, չնայած տեղեկացրել են, որ պատրաստ են այն առձեռն ստանալ դատարանում», - նշեց Է․ Սահակովան։
Միաժամանակ Սահակովան տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ դատարանի որոշումը փաստաբանները ստացել են այն հրապարակելու հաջորդ օրը՝ հունիսի 26-ին։ Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, հունիսի 25-ին բավարարել է դատախազի, տուժողի և վերջինիս ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի վերաքննիչ բողոքները։ Դատարանի որոշմամբ վերացվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված Արցախի նախկին ու ներկա նախագահների անձնական երաշխավորությունը և որոշվել է որպես խափանմամ միջոց կիրառել կալանավորումը։
Բացի այդ, դատարանը որոշել է Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 20.05.2019 թ․ որոշումը բեկանել և տվյալ դատական գործը ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։ Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտարարել էր, որ պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանի ակտերը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը