21 06 2019

Դատավորն առանց կողմերին լսելու՝ ուներ գրված պատրաստի տեքստ. Ռուբեն Սահակյան



«Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ սա պլանավորված գործողություն էր։ Նախապես պլանավորված գործողություն էր։ Նախապես որոշված էր, որ դատավորը մի քանի անգամ հարցեր կուղղի կոլեգաներիս։ Նա Խուդոյանին հարցնում էր, թե դուք սա՞ եք անելու, թե՞ նա եք անելու, նորից եմ կրկնում։ Էդտեղ ես Ալումյանի ականջին շշնջացի, որ էստեղ մի բան կա։ Բայց ի՞նչ կա։ Ես չէի պատկերացնում, որ էս աստիճանի լկտիություն կլինի Վերաքննիչ դատարանի անդամի կողմից։ բայց այդ լկտիությունը տեղի ունեցավ։ Ես համոզվեցի, որ դատավորը նախապես էր պատրաստել այս գործընթացը»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը։

Այնուհետև պաշտպանը վերհիշելով Վերաքննիչ դատարանում դատավոր Արմեն Դանիելյանի կողմից խորհրդակցական սենյակ գնալու որոշման հրապարակումը ասաց. «Պարոն նախագահողը հետևյալ բառերն է ասում, տուժողի իրավահաջորդներին լսելուց հետո, բոլորին լսեց ու ասեց հետևյալ բառերը․ Հիմա դատարանը տեղում խորհրդակցելով իր դիտարկումը ստեղծված իրավիճակի վերաբերյալ կանի մեկ երկու րոպեից։ Մի երկու հատ շարժում արեց, որը տևեց 4,5 վայրկյան։ Այսինքն, նրա մեկ րոպեն 5 վայրկյանում ավարտվեց։ Անմիջապես նա էստեղ պարզ երևում է, որ գլուխը կախեց ներքև և կարդաց․ «Հարկ եմ համարում արձանագրել, որ թեև մենք ընթացակարգ էինք սահմանել․․․» և այլն, և այլն, և այլն։ Այսինքն, ուներ պատրաստի 5 տող արդեն գրված։ Ե՞րբ էր գրել դրանք, չէ՞ որ նա դեռ չէր լսել դատախազներին, չէր լսել տուժողների կարծիքը։ Ե՞րբ էր գրել։ Իհարկե՝ վաղօրոք։ Ո՞ւմ հետ էր խորհրդակցել․ կարծիքս ունեմ, բայց չեմ կարող բարձրաձայնել, որովհետև չեմ կարող ապացուցել։ Մենք տեսանք, որ այս անձնավորությունը պատրաստ է ամեն ինչ անել դատախազության կարծիքը հիմնավորելու համար: Մի ամբողջ Հանրապետության գլխավոր դատախազն ասում է, որ նման բան չկա, սուտ ա։ Ախր ո՞նց կարելի է ճշմարտությանն ասել սուտ է»,- ասաց Սահակյանը։

Պաշտպանը շարունակեց. «Երբ ես կարդացի Դատալեքսում տեղադրված դատավոր Գրիգորյանի որոշումը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին, գտա տողեր, որ ուղղակի նշմարվում էր, որ հաջորդ որոշմամբ դատավորը դիմելու էր ՍԴ։ Դրան հետևեց վարչապետի ելույթը, իսկ հաջորդը օրը ինքնաբուխ կերպով շրջափակվեցին դատարանները, և ձախողվեց։ Այսինքն, սահմանադրական կարգը տապալվեց և խախտվեց»։

Անդրադառնալով Վահե Գրիգորյանի կողմից իրեն ՍԴ նախագահ հռչակելուն՝ Սահակյանն ասաց. «Ի՞նչ տեղի ունեցավ, տեղի ունեցավ այն, ինչ երեկ լսեցինք, թե ինչպես է մեր գործընկեր, մեր կողմից շատ հարգված Վահե Գրիգորյանն ասում, որ ինքն է ՍԴ նախագահը։ Համոզված եմ՝ Ալումյանը կհիշի Ջհանգիրյանի խոսքերը։ Դրանից հետևություն, հենց նեղն է ընկնում Հայաստանի իշխանությունը, սկսում է մտածել քայլեր։ Ես չեմ բացառի, որ վաղը ՍԴ դռները կփակվեն այնպես, որ պարոնայք Թովմասյանը և մյուսները չկարողանան մտնել ՍԴ շենք։ Ո՞ր դեպքում է դա կատարվում, երբ վտանգ են տեսնում Ռոբերտ Քոչարյանի գործով։ Վտանգ են տեսնում այն իմաստով, թե ո՞նց կարող է Ռոբերտ Քոչարյանը լինել ազատության մեջ։ Այսօր էնպիսի իրավիճակ է, որ ցանկացածս կարող ենք հայտնվել մեղադրյալի կարգավիճակում, և դատախազությունը կասի մեղավոր է։ Ինչո՞ւ։ Որովհետև դատախազությունում կան մարդիկ, որ մտածում են, որ իրենց չեն ուզում, որ մնան իրենց տեղում։ Եվ որպեսզի մնան իրենց տեղում, որպեսզի ծաղկեպսակներ չդնեն, նրանք պատրաստ են ծառայել բոլորին»,- ասաց Սահակյանը։

Մանրամասն՝ տեսանյութում 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ