«Սա աննախադեպ երևույթ է, որ պաշտպանական կողմին թույլ չեն տալիս անել միջնորդություններ ամբողջ դատավարության ընթացքում։ Իսկ էն փուլում, երբ պաշտպանական կողմի ելույթի հերթն է գալիս, միջնորդություն անելու փաստը դիտում են որպես իրավունքի չարաշահում և էդ հիմքով զրկում են պաշտպանական կողմին ելույթ ունենալու հնարավորությունից։ Հնարավոր չի զուգահեռներ անցկացնել որևէ գործի հետ ու բերել Եվրադատարանի արձանագրած խախտում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։
Պաշտպանը փորձեց վերհիշել՝ արդյո՞ք Եվրոպական դատարանը երբևէ քննել այնպիսի գործ, որը նման կլիներ այս գործին՝ իր խախտումների ծավալով, բազմազանությամբ ու խախտումների կոպտությամբ. «Չեմ կարողանում հիշել եվրադատարանի մի վճիռ, որ գոնե սրան մոտիկ լինի, որպեսզի զուգահեռներ անցկացնեմ։ Մեր ամեն միջնորդություն դատավորն արգելում էր ներկայացնել և ասում էր, որ կգա պատեհ պահը և ինքը կասի էդ մասին։ պատեհ պահն այդպես էլ չեկավ։ Եկավ մի պահ, որ դատավորը երբ խոսքը հանձնել էր մեզ, որոշեցինք, որ սա այդ պատեհ պահն է, և մենք կարող ենք միջնորդություն ներկայացնել, որովհետև միջնորդությոսւնը, ըստ քրեադատավարական օրենսգրքի, ուղղված է գործը քննող դատարանին կամ վարույթ իրականացնող մարմնին։ Այդպիսի միջնորդություն կարող է արվել ելույթի ընթացքում։ Դատավորը միջնորդություն ներկայացնելու փաստը դիտեց որպես իրավունքի չարաշահում։ Հնարավոր չէ իրավաբանական գնահատական տալ դատավորի արարքին, բժշկական գնահատական միգուցե, բայց իրավաբանական գնահատականի էսպիսի արարքը հաստատ չի ենթարկվում։ Որովհետև իրավաբանության մեջ, ոչ միայն օրենքում, այլև պրակտիկայում, նման բան չենք հանդիպել։ Մենք փակուղու առաջ ենք, քանի որ չենք կարողանում պարոն Դանիելյանի գործողությունների իրավական գնահատական տալ։ Որովհետև սա նախադեպը չունի»,- ասաց Ալումյանը։
Նա նշեց, որ դատարանը օրինական ակտ կայացնելիս՝ պետք է լսի երկու կողմերին.
«Հնարավոր չէ այս ընթացքում ծանոթանալ 85 հատոր նյութերին։ Հետևաբար, դատավոր Դանիելյանը պատրաստվում է էս գործով կայացնել դատական ակտ մի պայմանում, երբ ոչ միայն ծանոթ չէ ամբողջ նյութերին, այլև ծանոթ չէ կողմերից մեկի դիրքորոշումներին։ Էդպիսի դատարանը դատարան չէ, էդպիսի դատարանի ցանկացած ակտ ապօրինի է»,- նշեց Ալումյանը։
Այնուհետև պաշտպանն անդրադարձավ նախկինում իր կողմից հրավիրված ասուլիսին, որտեղ խոսել էր Ջհանգիրյանի կողմից կանխորոշմանը, թե ինչով է ավարտվելու դատավարությունը։ «Ջհանգիրյանն ասել էր հետևյալը. ասել էր ՍԴ-ն ձգձգելու է գործի քննությունը, որ դատարաններին հնարավորություն տա ուղղել առաջին ատյանի դատարանի սխալը։ Պարոն Ջհանգիրյանը կանխատեսել էր, որ պետք է ՍԴ-ն ձգձգի, իսկ վերաքննիչը բեկանի առաջին ատյանի որոշումները, և այլևս գոյություն չունենա ՍԴ դիմելու որոշում։ նա նաև կանխատեսել էր, որ ՍԴ-ն կամ չի քննի կամ կքննի բոլորովին այլ կազմով։ Մենք ներկայացրեցինք հաղորդում հանցագործության մասին, որովհետև երևում էր, որ դատական ակտերն արդեն որոշված են։ Սա նշանակում է, որ արդարադատության իրականացմանը վաղուց արդեն միջամտում են։ Իրենք վաղուց որոշել են ինչ է անելու ՍԴ-ն, վերաքննիչը և անգամ որոշել էին, որ ՍԴ-ն ուրիշ կազմ է ունենալու: Երեկ պարզվեց, որ ինչ ասում է պարոն Ջհանգիրյանը, սկսեց իրականանալ, և ամենը կախված Ռոբերտ Քոչարյանի գործից, բայց չի կարելի ՀՀ ամբողջ արդարադատությունը, դատական ռեֆորմները, ամենը ծառայեցնել մի նպատակի՝ որպեսզի պարոն Քոչարյանը գտնվի կալանքի տակ»,- ասաց պաշտպանը:
Հավելելով նշեց, որ չկա որևէ օրինական հիմք Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու. «Այդ ամեն ինչը կարմիր թելով անցնում է գործի միջով, սկսած նրանից, որ դատավորները զեկուցել էին, ամոթ է, իհարկե, էդպիսի բառ ասել, որ դատավորները կարող են զեկուցել, բայց դա մեր տերմինալոգիան չէ։ Դատավորները զեկուցել էին, որ գործը ջուր է, դեռևս անցյալ տարի։ Ամեն անգամ էլ ավելի ուժեղ ու խայտառակ անօրինական ազդեցություն է անհրաժեշտ լինում դատական համակարգի վրա, որպեսզի պարոն Քոչարյանին կալանավորեն կամ պահեն կալանքի տակ։ Եթե նախորդ տարի հերիք էր, որ ԱԱԾ տնօրենը զանգի դատավորին ու ասի՝ ուզես-չուզես պիտի կալանքը տաս, և դատավորը կալանքի տակ էր պահում պարոն Քոչարյանին, ապա հետզհետե բացահայտվեց ինչ աստիճանի ապօրինություններ են կատարվում, էդքան ավելի ազդեցություն է պահանջվում, որ էս գործով պարոն Քոչարյանին պահեն կալանքի տակ»։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը