«Զվարթնոց» օդանավակայանում արտակարգ դեպք է տեղի ունեցել. օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նույն օրը, գիշերը, ժամը 04։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 53-ամյա Մ. Բ.-ն «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման «Բիզնես Լանչ» սրահից գողացել է ոսկյա մատանի։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները հայտնաբերել են Մ. Բ.-ն, որը ոչ միայն խոստովանել է կատարված գողությունը, այլեւ ներկայացրել է գողոնը։
Մատանին պատկանել է Երեւանի բնակիչ՝ 30-ամյա Արամ Ջուլֆալակյանին, ով Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի եղբայրն է։
Փաստի առթիվ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Կայքը նաև հայտնում է, որ Երեւանում հունիսի 18-ին թալանել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանին։
Հ. Թամամյանը դիմել է ոստիկանության կենտրոնական բաժին եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 16։00-ից մինչեւ 18։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Կենտրոն վարչական տարածքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում իր BMW մակնիշի 03 NN 003 համարանիշի կայանված ավտոմեքենայի դռան ապակին կոտրել են եւ այնտեղից հափշտակել ձեռքի պայուսակը, փաստաթղթեր եւ այլ իրեր։
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Նշենք, որ Հ. Թամամյանը երկար տարիներ բարձր պաշտոններ է զբաղեցրել ոստիկանության համակարգում: Նրան հանցագործ աշխարհում ավելի շատ ճանաչում էին «Թամամ» մականվամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը