04 06 2019

Վահե Գրիգորյանի տարօրինակ վեթինգը

Վահե Գրիգորյանի տարօրինակ վեթինգը

Top-news.am-ը գրում է․ «Նրանք, ովքեր կուրծք են ծեծում, գոռում-գոչում վեթինգի անհրաժեշտության մասին, ողջունեցին, գրեթե հրճվանքի մեջ ընկան, երբ նախագահի պաշտոնում հայտնված Արմեն Սարգսյանը վերջապես կատարեց մեզ հայտնի որոշ ուժերի պահանջը եւ ՍԴ դատավորի թեկնածու առաջադրեց Վահե Գրիգորյանին:

Տրամաբանությունը հուշում է, որ եթե վեթինգի իրականացման կողմնակիցները, մեղմ ասած, ողջունում են Վահե Գրիգորյանի առաջադրումը, հետեւաբար, նրանք արդեն իսկ վստահ են, որ սա այն երիտասարդն է, որը պետք է հանգիստ անցնի վեթինգը:

Եւ ի՞նչ է ստացվում: Անկեղծ լինենք, ստացվում է մի մղձավանջային պատկեր: Պարզվում է, որ վեթինգի կողմնակիցները ողջունում են, որ ՍԴ անդամը հանձնարարականներ ստացած լինի ՀՔԾ պետից: 

Մենք չենք մոռացել այն հեռախոսազրույցի մասին, որտեղ հստակ եւ պարզ լսվում էր, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը գլուխ է գովում, թե Վահե Գրիգորյանին հանձնարարականներ է տվել, եւ որ նա ինչ-որ պետք է կասի:

Այսպիսով, արձանագրենք մեկ անգամ եւս, որ դատավորը, այն էլ ՍԴ անդամը, ըստ վեթինգի կողմնակիցների, պետք է հանձնարարականներ ստացած լինի ՀՔԾ պետից:

Վեթինգի կողմնակիցները, պարզվում է, համոզված են, որ դատավորը, առավել եւս ՍԴ անդամը պետք է խարդախության եւ փաստաթղթերի կեղծման մեղադրանքով կալանավորված լինի:

Իսկ որ ամենակարեւորն է, վեթինգի ակտիվ ջատագովների համոզմամբ, դատավորը կամ ՍԴ անդամ դատավորը պետք է միջազգային ատյաններում տապալած լինի Ադրբեջանի դեմ առաջադրված մեղադրանքը:

Եւ վերջում ավելացնենք, որ ըստ որոշ սահմանադրագետների, Արմեն Սարգսյանը պարզապես իրավունք չուներ ՍԴ անդամի թեկնածու առաջադրեր Վահե Գրիգորյանին, քանի որ նա մեկ անգամ եւս արդեն առաջադրվել էր:

Այսպիսով, մենք մեկ անգամ եւս արձանագրենք, որ խայտառակ վիճակում գտնվող դատական համակարգի բարեփոխման ամենավտանգավոր եւ սխալ ճանապարհը վեթինգն է, որը երկիրը հասցնելու է խայտառակ վիճակի, որից օգտվելու են միայն մեր երկրի հակառակորդները:

Տեսեք, թե ովքեր են վեթինգի կողմնակիցները եւ ամեն ինչ պարզ եւ հասկանալի կդառնա, իսկ նրանց, ովքեր ֆեյսբուքներում ուրախությամբ, հրճվանքով գրում են, թե սպասեք, տեսեք, թե ձեզ ինչ օրն է գցելու նույն Վահե Գրիգորյանը, հուշենք, որ այդ համակարգը հենց նման տողերի հեղինակներին է առաջինը խժռելու:

Վարդան Մխիթարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ