31 05 2019

Սամվել Բաբայանի հետ միջադեպի շարժառիթը քաղաքական բնույթ չի կրում․ ՔԿ

Սամվել Բաբայանի հետ միջադեպի շարժառիթը քաղաքական բնույթ չի կրում․ ՔԿ

Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպի շարժառիթը, որը կրում է կենցաղային բնույթ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Անդրադառնալով ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ու նրա կողմնակիցների հետ կապված պատահարին՝ նա գրում է․

«Նախաքննության ընթացքում պարզվել է նաև միջադեպին մասնակից անձանց շրջանակը, միջադեպին նրանցից յուրաքանչյուրի առնչությունը:

Այս պահին քննությամբ ձեռք բերված բազմաթիվ ապացույցներն այն մասին, որ միջադեպի շարժառիթը կենցաղային բնույթ է կրում, հրապարակման ենթակա չէ՝ նախաքննության շահերից ելնելով:

Եվս մեկ անգամ հայտնում ենք, որ ԶԼՄ-ներով տարածված հայտարարությունները այն մասին, որ միջադեպի շարժառիթը քաղաքական բնույթ է կրում, չի համապատասխանում իրականությանը:

Քրեական գործով պարզված հանգամանքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որում  հայտնել էր, որ Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ կրակահերթ են արձակել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ