Սարդարապատում մայիսի 28-ին՝ լրագրողների հետ զրույցում, ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը դատարանների ելումուտը փակելու գործողությունները որակեց շտապ հավաք։ Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ոստիկանապետն այն անվանել էր ինքնաբուխ ակցիա։
«Ստեղծված իրադարձության շուրջ անհրաժեշտ էր շտապ հավաք։ Ինչ կապ ունի՝ ում կողմից է հրահանգը: Ազատությունների հավաքների մասին օրենքում նշված չէ վարչապետը իրավունք ունի, թե չունի, շտապ հավաքը մնում է շտապ հավաք»,-նշեց նա:
Գործադիր իշխանության կողմից դատական իշխանության հանդեպ ճնշումների և Սահմանադրությունը խախտելու վերաբերյալ դիտարկմանը ոստիկանապետը պատասխանեց, որ չի կարող և ոչ էլ իրավունք կվերապահի իրեն վարչապետի գործողությունները մեկնաբանել։ «Որտե՞ղ եք ճնշում տեսել»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է ոստիկանությունում հնարավոր վեթինգի անցկացմանը, Օսիպյանն ասաց՝ խնդիր չկա, թող իրականացնեն։
Լրագրողները հիշեցրեցին, որ ոստիկանները տարիներ շարունակ բռնություն են գործադրել քաղաքացիների նկատմամբ, ինչի հետ ոստիկանապետը չհամաձայնեց։ «Համակարծիք չեմ, որ ոստիկանությունը բռնություն է գործադրել: Եթե պահի տակ բռնություն է գործադրել, ուրեմն այնպես չէ, որ պետք է ամիսներ, տարիներ անցնի և ինչ-որ վեթթինգի ենթարկվեն: Լինում է դեպք, լինում է ծառայողական քննություն և չկա մի դեպք, որ ծառայողական քննություն չլինի ու կարգապահական պատասխանատվության ենթարկված չլինի: Իսկ քաղաքացու ոտքը կոտրել փորձող ոստիկանի գործն այս պահին ՀՔԾ վարույթում է»:
Անդրադառնալով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Դավիթ Գևորգյանի՝ ոստիկանների ուղեկցությամբ շրջելուն և նրա կյանքին սպառնացող հնարավոր վտանգներին՝ Օսիպյանը նշեց՝ վտանգն ինքն է որոշում։ «Վտանգն իրենք են որոշողը, գրությամբ դիմել են ոստիկանությանը, մենք պարտավորենք ապահովել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը