ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Ռուբեն Սահակյանը ՀՅԴ հրավիրած հանրահավաքին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ դատական համակարգի սպասվող բարեփոխումներին և վեթինգի գործընթացին՝ նշելով, որ դատական համակարգը, միանաշանակ, առողջացման կարիք ունի, սակայն ընտրված ճանապարհը ճիշտ չէ։
«Ո՞վ է առողջացման գործընթացն իրականացնելու։ Եթե լենանազարյաններն ասեն՝ եկեք պավլիկմորոզովություն արեք, եթե նրանք իրենց միջից պետք է ստեղծեն հանձնաժողովներ՝ առանց մեզ ներգրավելու, ապա արդեն պատկերացնում եմ, թե ինչ կլինի»,– նշեց Ռուբեն Սահակյանը, ում խոսքով՝ հարց է՝ ովքե՞ր են վեթինգն իրականացնող դատավորները։
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու դատարանի որոշմանը՝ փաստաբանը նշեց․«Ինձ համար նման սցենարը սպասելի էր, այսօր վերջին օրն էր, նա այլևս իրավունք չուներ որոշում կայացնելու։ Նա պարտավոր էր 15 օրվա ընթացքում որոշում կայացնել։ Ասում են, թե ինչո՞ւ արագ քննեց ու բաց թողեց, նա պարտավոր էր քննել, որովհետև մայիսի 19-ին լրանում էր կալանքի ժամկետը, եթե չքններ, ապա Ռոբերտ Քոչարյանն ինքնըստինքյան պետք է դուրս գար կալանքից։
Պաշտպանական խմբի անդամը զայրացել է այն մեկնաբանություններից, որ Ռոբերտ Քոչարյանի գործը շուտ են քննել:
«Սա ի՞նչ տրամաբանություն է, թե որոշ իրավաբանների մոտ այլևս տրամաբանություն չկա։ Մեռնեմ օրենքին, դատավորը միանշանակ գործել է օրենքի շրջանակներում»,- ասաց փաստաբանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը