23  04  2019

Իշխանությունը բանտերից ազատում է յուրայիններին

Իշխանությունը բանտերից ազատում է յուրայիններին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը:

Նա ազատ կարձակվի։

Հիշեցնենք, որ, համաձայն ԱԱԾ-ի՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանը, ունենալով պետության միջոցներով գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրավասություն, նույն վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, առերևույթ անձնական շահագրգռվածությունից ելնելով, ծառայության շահերին հակառակ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտների՝ ՀՀ առողջապահության նախարարության և մի շարք բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց կողմից հովանավորվող առևտրային կազմակերպության հաղթանակը:

Ընդ որում, գնման գործընթացներին մասնակցող ծառայողների կողմից ապօրինի պահանջները կատարելուն ընդդիմանալու դեպքում, ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ:

Նշված գործողությունների հետևանքով տեխնիկական բնութագրերում կատարված փոփոխություններով նվազեցվել են մատակարարման ենթակա ապրանքների որակական հատկանիշները՝ դրանք փաստացի համապատասխանեցնելով իրենց հետ փոխկապակցված ընկերության կողմից առաջարկվող ապրանքներին: Վերոհիշյալ տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցիչ Տարոն Ավետիսյանին՝ օժանդակելով նշված պաշտոնատար անձանց և գործելով վերջիններիս հետ նախնական համաձայնությամբ, գնման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձանց ներկայացրել է առաջարկվող ապրանքի որակական հատկանիշների վերաբերյալ կեղծ հավաստագրեր»:

Նշված գործով մեղադրանք է առաջադրվել նաև ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին։ Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը։

Փաստորեն, իշխանությունը հրաժարվում է կալանքի տակ առնել կոռուպցիայի դեմ մեղադրվող սեփական թիմի անդամներին` հղում անելով անմեղության կանխավարկածին։ Իսկ որոշ դեպքերում նույն անմեղության կանխավարկածը խախտվում է ազատորեն, խափանման միջոց էլ ընտրվում է բացառապես կալանավորումը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ