22 04 2019

Թերացողներին չեմ հանդուրժի. Ոստիկանապետ



Ապրիլի 20-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց։ Մասնակցում էին ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արտակ Կարապետյանը, գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանիքում բռնության կանխարգելման վարչության, ինչպես եւ նույն վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողները։ Վալերի Օսիպյանը ներկայացրեց անչափահասների մասնակցությամբ կատարված հանցագործությունների վիճակագրական տվյալներ ու կատարեց համեմատական վերլուծություն՝ դրական գնահատելով ծառայության աշխատանքը։

«Պետք չէ ձեռք բերածով բավարարվել, այս ոլորտում մենք միշտ անելիքներ ունենք․ անտարբերությունը անչափահասի նկատմամբ անտարբերություն է ապագայի հանդեպ»,-ընդգծեց ոստիկանության պետը։ Վալերի Օսիպյանը կարեւորեց կանխարգելիչ միջոցառումների իրականացումը, որոնց ակտիվացման ուղղությամբ տվեց կոնկրետ ցուցումներ։

Այս համատեքստում ոստիկանության պետը հանձնարարեց մշակել կանխարգելիչ միջոցառումների երկարաժամկետ ծրագիր, որի իրականացմանը պետք է ներգրավվեն պետական այլ գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչները, ինչպես եւ ծնողներն ու ուսուցիչները։

Ոստիկանության պետը հանձնարարեց նաեւ հատուկ ուշադրություն դարձնել այն միջոցառումներին,որոնք միտված են անչափահասներից կազմված հանցավոր խմբերի ձեւավորման բացառմանը՝ ընդգծելով, որ թերացողներին չի հանդուրժի, իսկ սրտացավ ծառայողներին սիրով կպարգեւատրի։

Այս առումով Վալերի Օսիպյանը հանձնարարեց օրակարգային դարձնել անչափահասների զբաղվածությամբ հետաքրքրվելը, նրանց շրջապատն ուսումնասիրելը՝ կանխարգելիչ միջոցառումներն առավել ճշգրիտ կազմակերպելու եւ իրականացնելու համար։

Աշխատանքային խորհրդակցությունը շարունակեց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալը։ Արման Սարգսյանը ներկաների հետ քննարկեց ոստիկանության պետի հանձնարարած կանխարգելիչ միջոցառումների երկարաժամկետ ծրագրի մշակմանը վերաբերող հարցեր։ Քննարկման առարկա դարձան նաեւ անչափահասներին հանցագործությունների մեջ ներգրավելու դեպքերը բացառելու ուղղությամբ ոստիկանության ծառայողների անելիքները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ