03 04 2019

Պաշտոնը կարոտելու բան չէ. Գևորգ Կոստանյան

Պաշտոնը կարոտելու բան չէ. Գևորգ Կոստանյան

ՀՀ քննչական կոմիտեում ապրիլի 3-ին կայացել է Քրեական գործերով խափանման միջոց կիրառելու հիմքերի, խափանման միջոց կիրառելու կարգի, կալանավորման, կալանքի տակ պահելու ժամկետի վերաբերյալ ուղեցույցի շնորհանդեսը։

Ուղեցույցի հեղինակներն են Քննչական կոմիտեի  նախագահ Հայկ Գրիգորյանը, կոմիտեի իրավական ապահովման վարչության գլխավոր մասնագետ Անուշ Գասպարյանը եւ  ԱԺ նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։

Արտակ Զեյնալյանը եւ Հայկ Գրիգորյանն իրենց խոսքում ցանկություն հայտնեցին, որ ուղեցույցը դառնա սեղանի գիրք քննիչների համար։

Ուղեցույցում ընդգրկվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի՝ ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքի համատեքստում խափանման միջոց կալանավորման վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած դիրքորոշումների, Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացված վճիռների սեղմագրերը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի 2007-2017 թվականների ընթացքում կայացրած բոլոր ըստ էության որոշումների սեղմագրերը, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-138-րդ հոդվածներով ամրագրված խափանման միջոց կիրառելու հիմքերին, խափանման միջոց կիրառելու կարգին, կալանավորմանը եւ կալանքի տակ պահելու ժամկետին:

ԱԺ նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ պաշտոնի առաջարկ ստանալու մասին լուրերին՝ նշելով, որ միշտ պատրաստ է օգտակար լինել։

«Ես պետական ապարատում եղել եմ 1995 թվականից, տարբեր իշխանությունների օրոք, ինձ համար որեւէ նշանակություն չի ունեցել, թե ինչ կարգավիճակի մասին է խոսքը։ Ես միշտ պատրաստ եմ եղել ծառայություններ մատուցել ի բարօրություն երկրի։ Ես 14 տարի եղել եմ պետության փաստաբանը եվրոպական դատարանում, իսկ  այլ գործերով փաստաբանի կարգավիճակում ինձ չեք տեսնի»,–նշեց Գևորգ Կոստանյանը՝ հրաժարվելով կոնկրետ պատասխան տալ պաշտոնի մասին հարցին։

Նա նշեց, որ եթե որեւէ մեկը կարողանում է երկրից դուրս մասնագիտական գործունեություն իրականացնելով ձեռք բերել ֆինանսական ռեսուրսներ, ապա երկրին նրա մատուցած ծառայությունները պետք է լինեն անհատույց։ Կոստանյանը հայտնեց՝ այժմ զբաղված է  ստեղծագործական եւ մասնագիտական գործունեությամբ։

Հարցին՝ կարոտո՞ւմ է այն ժամանակները, երբ պետական պաշտոնյա էր, նա պատասխանեց. «Երբ դու պաշտոնը զբաղեցնում ես եւ տեսնում ես, որ դա հատկապես պարտականություններ եւ պատասխանատվության ամբողջություն է, եւ հատկապես իրավապահ համակարգում ամեն մի անձին ձերբակալելու, կալանավորելու կամ դատական պրոցեսի ընթացքում այդ ամբողջը ապրում ես, եթե գիտակցում ես քո զբաղեցրած պաշտոնի ծանրությունը, ես ձեզ վստահեցնում եմ՝ կարոտելու բան չէ»։

Կոստանյանը նշեց՝  ներկայումս քննվող շատ կոռուպցիոն քրեական գործեր հարուցված են եղել  իր պաշտոնավարման ժամանակ, ուղղակի ինքը չի հասցրել դրանք ավարտին հասցնել։  Նա վստահեցրել է, որ առաջիկայում կանդրադառնա հանրային հնչեղություն ունեցող գործերին։

Նախկին գլխավոր դատախազը նշեց՝ վերջին կոռուպցիոն բացահայտումները խոսում են օպերատիվ–հետախուզական միջոցառումների իրականացման որակի մասին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ