Politik.am-ը գրում է․ «Օրերս մեծ աղմուկ բարձացրեց ԱԱԾ-ի և ՊՎԾ-ի միջև տեղի ունեցած միջադեպը: ՊՎԾ երկու պաշտոնյաները և նրանց հետ փոխկապակցված ընկերության ներկայացուցիչը կալանավորվեցին ԱԱԾ-ի կողմից:
ԱԱԾ-ն, համաձայն հաղորդագրության, «օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում հետևողական և անզիջում պայքար մղելով ՀՀ տնտեսական անվտանգության դեմ ուղղված հանցավորության և կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների դեմ, ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում տվյալներ է ստացել ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերևույթ ապօրինի միջամտելու և օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու դեպքերի մասին»:
Այս միջադեպից հետո ակտիվորեն սկսեցին խոսակցություններ շրջանառվել, որ ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը պաշտոնանկ կարվի: Սրան հաջորդեցին քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչների հարձակումները ԱԱԾ նկատմամբ: Հասարակական գործիչները մեղադրում էին ԱԱԾ-ին իր լիազորությունները գերազանցելու և տեղեկատվական արտահոսք կազմակերպելու մեջ: Այս մասով մենք մանրամասն անդրադարձ կատարեցինք մեր «Սորոսը պատերազմ կհայտարարի Վանեցյանին» վերտառությամբ հոդվածում:
Մեզ հաջողվել է որոշակի մանրամասներ ճշտել ՊՎԾ աշխատակիցների ձերբակալությանը նախորդած իրադարձություններից: ԱԱԾ-ում եղել է որոշում ՊՎԾ աշխատակիցների հետ միասին կալանավորել նաև ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանին: Պատրաստ են եղել բոլոր անհրաժեշտ որոշումները, բայց գործողություն չի իրականացվել, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ հրահանգել է ձեռք չտալ Դավիթ Սանասարյանին:
Մեր տեղեկություներով՝ վարչապետը մտավախություն է ունեցել, որ այդ կերպ իր իշխանության դեմ կհանի Սանասարյանին աջակցող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ովքեր բավական ազդեցիկ են և այս ամիսներին ամեն կերպ պաշտպանել են նոր իշխանություններին, անգամ երբ ակնհայտ օրինախախտումներ են եղել:
Politik.am-ի հետ զրույցում ԱԱԾ լրատվության և հասարակայնության բաժնի պետ Սամսոն Գալստյանն էլ ասաց, որ նման տեղեկության չի տիրապետում, հետևաբար չի կարող հարցին պատասխանել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը