27 02 2019

ԱԱԾ-ն Սամվել Ադյանին կալանավորելու միջնորդություն կներկայացնի․ News.am

ԱԱԾ-ն Սամվել Ադյանին կալանավորելու միջնորդություն կներկայացնի․ News.am

ԱԱԾ-ն փետրվարի 28-ին Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանին կալանավորելու միջնորդություն կներկայացնի դատարան: Այս մասին NEWS.am-ին հայտել է Ադյանի պաշտպան Դավիթ Մնացականյանը:

Նա նշել է, որ իր պաշտպանյալը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի համար՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Ադյանին վերագրվող արարքը վերաբերում է բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցված քրեական գործին:

Մնացականյանի խոսքով՝ իր պաշտպանյալին վերագրվող կասկածն անհիմն է: Ըստ փաստաբանի՝ նա ցանկացել է ընդամենը արդար և մրցակցային դաշտ ստեղծել, սակայն այդ ամենը շրջվել է նրա դեմ: Ադյանի ձերբակալման որոշումը պաշտպանը բողոքարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, որը սակայն մերժել է այն:

Սամվել Ադյանի հետ ձերբակալվել է նաև ՊՎԾ մեկ այլ աշխատակից՝ Գևորգ Խաչատրյանը:

Ազգային անվտանգության ծառայությունը մինչ այս պահը գործի վերաբերյալ որևէ տվյալ չի ներկայացրել: Կայքի հետ զրույցում ԱԱԾ մամլո խոսնակ Սամսոն Գալստյանը հայտնել է, որ գործի հետ կապված հաղորդագրություն կտարածեն վաղը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ