26 02 2019

Փաշինյանի ելույթը բացարձակ ճնշում էր դատարանների նկատմամբ. Ալեքսանդր Ազարյան. News.am



ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով նրան ազատ արձակելու որոշում կայացրած դատավոր Ալեքսանդր Ազարյանն անդրադարձել է մարտի մեկի քրեական գործին, դատական համակարգում կոռուպցիային և դատարանների անկախությանը, անցումային արդարադատության գաղափարին և այլ հարցերի։ Այս մասին հայտնում է News.am-ը։

Հարցին, թե դատավորների անկախության համար ի՞նչ լրացուցիչ երաշխիքներ են հարկավոր, Ազարյանը պատասխանել է․ «Միգուցե, իմ պատասխանը սուբյեկտիվ հնչի, բայց առաջին պայմանը աշխատավարձերի կտրուկ բարձացումն է՝ ոչ թե ձեւական, այլ՝ կտրուկ»։

Խոսելով դատական համակարգի առողջացման իր տեսլականի մասին, Ազարյանն ասել է․

«Կարևոր նախապայմաններից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է, եթե պաշտոնատար անձինք իրենց տեղերում քիչ խնդրանքներ հասցեագրեն դատարանին, ապա կոռուպցիան դատական համակարգից կվերանա: Իմ կարծիքով՝ դատական համակարգը անկախ է ցանկացած առումով՝ եւ գործնական եւ տեսական»։

Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ այսօր դատավորի մասնագիտությունը չունի այն գրավչությունը, ինչպես նախկինում, Ազարյանը պատասխանել է․

«Դատական համակարգը քիչ–քիչ մաքրվում է անպարկեշտ դատավորներից։ Ցանկացած անձ, որը ցանկանում է դատավոր դառնալ, կամ նշանակվում է դատավոր,  գիտի, որ պետք է ազնիվ, մաքուր աշխատի եւ ռիսկերից հեռու մնա. անկախ իշխանություններից, դա դատավորի միջից պետք է լինի»։

Ազարյանը, որը դատական համակարգում հայտնի է ավելի հաճախ արդարացման դատական ակտեր կայացնելով, նշել է, որ տարեսկզբին երկու արդարացման դատավճիռ է կայացրել։

«Արդարացման դատական ակտ կայացնելը  ինքնահաստաման ձեւ չէ. դա չափանիշ է, որը խոսում է դատավորների անկախության մասին»,– նշել է դատավորը։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը շարունակում է պնդել, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է։ 

«Ցանկացած դատավոր իր կարծիքը կարող է ունենալ, ես իմ կարծիքն ունեմ»,–ասել է նա։

Դատավորը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով որոշում կայացնելիս իր նկատմամբ ճնշում չի եղել։

«Ես ասել եմ, որ որոշումը կայացնելուց հետո է ճնշում եղել, մասնավորապես, երկրի վարչապետի՝ հրապարակում տեղի ունեցած ելույթը ես համարում եմ բացարձակ ճնշում դատարանների նկատմամբ, իսկ կոնկրետ իմ նկատմամբ այդ գործով ճնշումներ չեն եղել»,–ասել է նա։

Ազարյանը, միաժամանակ, հայտնել է, որ որևէ խնդիր չի տեսնում այն հարցում, որ ժամանակին Մարտի 1-ի գործով մի շարք դատավճիռներ է կայացրել, սակայն հետագայում քննել այդ գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։

«Ես այդ դատավճիռները կայացրել եմ օրենքի տառը պաշտպանելով, որեւէ դատավճռի համար չեմ փոշմանել և  չեմ զղջում, այսօր էլ  նույն դատավճիռը կկայացնեի»,–ասել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ