ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մերժել է «Մարտի մեկի» գործով քրեական գործի նյութերը ռուսերեն թարգմանել և տրամադրել «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։ Այս մասին NEWS.am–ին հայտնել է Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։
Վարույթն իրականացնող մարմինը պաշտպանի միջնորդությունը մերժել է՝ պատճառաբանելով, որ Քրեական դատավարության օրենսգրքում քրեական գործի նյութերն ամբողջությամբ թարգմանելու կարգ նախատեսված չէ։
Մինչդեռ, պաշտպանի խոսքով, անձին իրեն հասկանալի լեզվով պետք է տրամադրվի այն նյութերը, որոնցում ներկայացված է, թե ինչ ապացույցների համակցությամբ է նրան մեղադրանք առաջադրվել։
Պողոսյանը նաև նկատեց, որ գործի նախաքննության սկզբում ՀՔԾ–ն թարգմանիչ էր ներգրավել և Խաչատուրովին մեղադրանք առաջադրելու, նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նյութերը նրան տրամադրել ռուսերեն թարգմանությամբ։
Փաստաբանը համոզմունք հայտնեց, որ գործի՝ դատարան ուղարկվելու դեպքում, դատարանը միանշանակ գործի նյութերը թարգմանված կտրամադրի պաշտպանական կողմին։
Նշենք, որ 2008 թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նյութերը բաղկացած են 76 հատորից։ Պաշտպանական կողմը 76 օր էր նախատեսել՝ դրանց ծանոթանալու համար, սակայն քննիչը 50 օրացուցային օր է սամանել, ինչը պաշտպանական կողմը պատրաստվում է վիճակել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը